Ղազախստանում մանկապիղծների քիմիական կրտման մասին օրենք է ընդունվել
Ղազախստանի սենատի պատգամավորներն օրենք են ընդունել «Երեխայի իրավունքների պաշտպանության հարցերով Ղազախստանի Հանրապետության օրենսդրական որոշ ակտերում փոփոխություններ և լրացումներ մտցնելու մասին», որը երեխաների սեռական անձեռնմխելիության դեմ հանցագործությունների համար կրտում է նախատեսում, հաղորդում է РИА Новости-ն:
Սենատի պատգամավոր Բիրգանիմ Այտիմովայի տեղեկություններով՝ օրենքով սահմանվող փոփոխություններն ուղղված են երեխաների սեռական անձեռնմխելիության դեմ հանցագործությունների համար պատժի խստացմանը: Սահմանվել է նաև մանկապիղծների քիմիական կրտման տեսքով բժշկական բնույթի պարտադիր միջոցի մասին կետ:
«Դա ժամանակավոր երևույթ է (քիմիական կրտումը), որն անհրաժեշտ է սեռական բռնությունից մարդուն հետ կանգնեցնելու համար: Եվ դա մեկանգամյա ներարկում է: Դա չի նշանակում, որ եթե նրան ներարկում են արել, նա ողջ կյանքն այդպիսին կմնա: Բոլորովին ոչ: Եվ դա կլինի միայն դատական որոշման դեպքում»,- ասել է Այտիմովան:










