Սիրիայի քրդերը երկրի հյուսիսում դաշնային շրջանի ստեղծման մասին են հայտարարել

15:42 • 17.03.16

Սիրիայի քրդերը երկրի հյուսիսում դաշնային շրջանի ստեղծման մասին են հայտարարել, հաղորդում է France- Presse գործակալությունը:

 

Սիրիական Ռմեյլա քաղաքում հավաքվել է Սիրիայի ողջ հյուսիսից մոտ 200 պատվիրակ, որոնք ներկայացնում են սիրիական Քուրդիստանը, ինչպես նաև արաբական, ասորական, չեչենական, թուրքմենական և այլ համայնքներ, Հալեպ, Ալ-Շանբե և այլ քաղաքները: Հավաքն անց է կացվում «Դաշնային Սիրիան ընդհանուր կյանքի և ժողովուրդների եղբայրության երաշխիքն է» կարգախոսի ներքո։

 

Նախօրեին հայտնի է դարձել Սիրիայի հյուսիսում երկրի կազմի մեջ մտնող «դաշնություն» հռչակելու քրդերի ծրագրերի մասին։ Ենթադրվում է, որ «դաշնությունը» կմիավորի առանձնացված ազգային համայնքները, ինչպես նաև դրանց աշխարհազորային խմբերը՝ ԻՊ-ի, «Ջեբհաթ ան-Նուսրայի» և այլ ահաբեկչական կազմակերպությունների իսլամիստներին դիմակայելու համար։

 

Դամասկոսի իշխանություններն արդեն դաշնային շրջանի ստեղծումն անօրինական են անվանել:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ այդ քայլը կարող է բարդացնել Ժնևում խաղաղ բանակցությունները: Հաղորդվել էր, որ Ժնևում բանակցություններից դուրս մնալուց հետո քրդերը պատրաստվում են միավորել իրենց հսկողության տակ գտնվող երեք սիրիական շրջանները դաշնային միության:

Թուրքիան իր հերթին հայտնել է, որ սատարում է Սիրիայի ազգային միասնությանը և հայտարարում է, որ բոլոր տեսակի միակողմանի գործողությունները, ինչպես դաշնայնացման մասին հայտարարությունը, չունեն իրավական ուժ։

 

Սիրիայի քրդերը երկրի հյուսիսում դաշնային շրջանի ստեղծման մասին են հայտարարել