Ֆրանսիայում ձերբակալվել են իսլամիստներ, որոնք նոր հարձակում էին նախապատրաստում Փարիզում
Ահաբեկչության դեմ պայքարի ֆրանսիական ոստիկանության ստորաբաժանումը ձերբակալել է չորս իսլամիստի, որոնք պատրաստվում էին ահաբեկչական հարձակումներ իրականացնել Փարիզի կենտրոնում: Այդ մասին հայտարարել են ֆրանսիական ԶԼՄ-ները, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ֆրանսիայի մայրաքաղաքում և Սեն Սեն Դենի դեպարտամենտում իրականացված գործողության ընթացքում ձերբակալվել է երեք տղամարդ և մի կին:
Անվտանգության ծառայությունները տեղեկություններ են ունեցել իսլամիստական խմբավորումների հետ ձերբակալվածների կապերի մասին:
Նրանց ձերբակալել են, երբ անվտանգության ծառայությունները հաշվարկել են, որ այդ իսլամիստների գործողությունները կարող են վտանգ ներկայացնել:
Գործողության ընթացքում ոստիկանությունն առգրավել է զենքի չօգտագործված փամփշտատուփ և համակարգչային սարքավորում:
Նոյեմբերի 13-ի երեկոյան ահաբեկչությունների շարք էր տեղի ունեցել Ֆրանսիայի մայրաքաղաքում: Տեղի ունեցած մի շարք պայթյունների և հրաձգության հետևանքով զոհվել է ավելի քան 130 մարդ։










