Պեսկովն անդրադարձել է Իրաքի քրդերին ռուսական զենք մատակարարելու մասին հաղորդագրություններին

14:42 • 17.03.16

Կրեմլում տեղեկություն չունեն Իրաքի քրդերին ռուսական սպառազինություն մատակարարելու մասին։ Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

 

«Ես չէի մեկնաբանի այդ թեման, քանի որ այդ մասին տեղեկատվություն չունեմ։ Դա չի մեկնաբանվում»,-ասել է նա՝ անդրադառնալով Իրաքի քրդերին ռուսական զենք մատակարարելու և Մոսկվայի ու Իրաքի քրդերի միջև հնարավոր համագործակցության շարունակականության մասին հաղորդագրություններին։

 

Այն մասին, որ Ռուսաստանն Իրաքյան Քուրդիստանին զենիթային ЗУ-23-2 սարքավորումներ  է տրամադրել, РИА Новости գործակալությանը հայտնել էր Էրբիլում ռուսական հյուպատոսարանի կցորդ Արտեմ Գրիգորյանը։

 

Նրա խոսքով՝ զենքերը քուրդ զինյալներին փոխանցվել են մարտի 14-ին՝ ռուս բարձրաստիճան դիվանագետների, այդ թվում՝ Իրաքում ՌԴ դեսպանի և գլխավոր հյուպատոսի ներկայությամբ։


Անկարայում մարտի 13-ին տեղի ունեցած խոշոր ահաբեկչությունից հետո թուրքական ավիացիան հարվածներ է հասցրել իրաքյան քրդերի դիրքերին։ Մասնավորապես, ռմբակոծվել են Քուրդիստանի աշխատավորական կուսակցության՝ PKK-ի ճամբարները։


Թուրքիայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել էր 37 մարդ, տուժել՝ ավելի քան 100 մարդ։