ԱՄՆ-ում ամուսինը դեն է նետել կնոջ 400.000 դոլար արժողությամբ մատանին (լուսանկար)

13:39 • 17.03.16

ԱՄՆ-ի բնակիչ Բերնի Սկուտիերին դեն է նետել կնոջ 12,5 կարատանոց ադամանդով ամուսնական մատանին, որի արժեքը 400 հազար դոլար է։ Զվարճալի միջադեպը տեղի է ունեցել ամերիկյան Միսուրի նահանգում, հաղորդում է korrespondent.net-ը:

 

Ավելի ուշ Սկուտիերին պատմել է, որ իր կինը՝ Կլարան, թողել է մատանին խոհանոցում՝ թղթի կտորի վրա։ Ամուսինը, իմանալով, որ եկել է աղբատար մեքենան, արագ մաքրել է խոհանոցը և դեն նետել աղբ թվացող ամեն ինչ:

 

Երբ տղամարդը հասկացել է, թե ինչ է արել, մատանին արդեն աղբավայրի ճանապարհին էր։ Եթե թանկարժեք մատանին իսկապես այնտեղ հայտնվեր, ապա այն հայտնաբերելու շանսերն արդեն քիչ կլինեին:

 

Սակայն Բերնի Սկուտիերին համոզել է աղբի հարցերով զբաղվող տեղի ընկերության աշխատակիցներին որոնել մատանին մեքենայի 10 տոննա աղբի մեջ։ Ջանքերն արդարացվել են, քանի որ 25 րոպե անց ընկերության մենեջերը հայտնվել է մատանիով:

 

«Նման բան մենք նախկինում դեռ չէինք գտել: Դա հիանալի զգացողություն էր՝ գտնել այդ մատանին և վերադարձնել այն»,- նշել է ընկերության ներկայացուցիչը:

ԱՄՆ-ում ամուսինը դեն է նետել կնոջ 400.000 դոլար արժողությամբ մատանին (լուսանկար)