Ցրտահարություն գրանցվել է Զվարթնոցի, Փարաքարի, Մերձավանի տարածքներում. գյուղատնտեսության նախարար

11:27 • 17.03.16

Կառավարության այսօրվա նիստի ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն անդրադառնալով որոշ մարզերում ցրտահարության թեմային, ասաց, թե հիդրոմետ ծառայության տվյալների համաձայն՝ անցած գիշեր, այսօր և վաղը սպասվում էր ցրտահարություն:

«Այս գիշեր հիմնականում բացասական ջերմաստիճան գրանցվեց Զվարթնոցի և նրա հարակից մի քանի համայնքներում: Գրանցվեց 5-7 աստիճան ցուրտ: Այսօրվա վիճակով կարող ենք ասել, որ հիմնական ցրտահարությունը կայացել է Զվարթնոցի, Փարաքարի, Մերձավանի տարածքներում: Սա չի կարելի ամբողջացնել, քանի որ համայնքներ կան, որտեղ տարբեր ջերմաստիճաններ են գրանցվել. Մի տեղ ջուրը սառել է գետնի վրա, իսկ տեղեր կան, որտեղ ընդհանրապես բացասական ջերմաստիճան չի գրանցվել»,-հայտարարեց Սերգո Կարապետյանը:

Նրա խոսքով՝ այսօր նորից ցուրտ հոսանքների ներխուժում է սպասվում:

«Այսօր և վաղը սպասվում է ավելի ցածր ջերմային ռեժիմ: Դրա համար արդեն չորս օր է խորհրդատվություն ենք անցկացնում և գյուղացիական տնտեսություններին հորդորում ենք անպայման ծխապատում իրականացնել»,-ասաց գյուղատնտեսության նախարարը՝ հավելելով, որ այսօր հնարավորություն չունեն գնահատելու կորուստները, որովհետև դեռ վաղ է:

Նախարարն ասաց նաև, թե բարձրադիր գոտիներում՝ Թալինի, Բաղրամյանի տարածաշրջաններում, Վայոց ձորի բարձրադիր գոտիներում,  Կոտայքի մարզի բարձրադիր գոտիներում դեռևս ծիրանենիները դեռևս ծաղկալկալած չեն, այնտեղ ընդհանրապես ցրտահարություն լինել չի կարող:

«Որոշակի տեղերում ցրտահարություն եղել է, մասնակի է և առաջիկա երկու-երեք օրերի ընթացքում պարզ կլինի, թե ինչ ենք ունենալու»,-եզրափակեց նախարարը:

 

Ցրտահարություն գրանցվել է Զվարթնոցի, Փարաքարի, Մերձավանի տարածքներում. գյուղատնտեսության նախարար