Վեց մարդու սպանած ամերիկացի վարորդը դատի է տվել Uber ծառայությանը և պահանջում է 10 մլն դոլար
Uber ընկերության միջոցով աշխատող վարորդը, ով 6 մարդու է սպանել և ևս 2-ին վիրավորել ամերիկյան Միչիգան նահանգում, դատի է տվել տվյալ առցանց ծառայությանը` պահանջելով 10 մլն դոլար: Համապատասխան հայցն ուղարկվել է Դետրոյթ քաղաքի դատարան, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Իր դիմումում 45-ամյա Ջեյսոն Դալթոնը վստահեցնում է, որ Uber-ի հարթակի միջոցով աշխատանքն իրեն «հոգեբանական վնասվածքներ» է հասցրել, որոնք էլ, արդյունքում, դրդել են իրեն հանցագործություն կատարել:
Դալթոնը, մասնավորապես, հայտարարել է, որ ընկերությունը «բանի տեղ չի դնում իր վարորդներին»: Նրա խոսքով՝ թեև ինքն աշխատել է տվյալ ծառայությունում «երկար տարիներ», իրեն երբեք չեն հրավիրել կորպորատիվ հավաքույթներին և չեն տվել հավելավճարներ սուրբծննդյան տոների կապակցությամբ:
«Ես հիմա նստած եմ բանտում Uber-ի պատճառով»,- ասել է նա` նշելով, որ ընկերությունը կործանել է իր կյանքը։
Ընկերությունում հերքել են մեղադրանքները` ընդգծելով, որ Դալթոնը սկսել է աշխատել ընթացիկ տարվա հունվարի վերջից։










