WikiLeaks-ը հասանելի է դարձրել Հիլարի Քլինթոնի էլեկտրոնային նամակները

17:21 • 17.03.16

WikiLeaks կազմակերպությունը չորեքշաբթի օրն իր կայքում նոր բաժին է ներկայացրել, որը թույլ է տալիս կայքի այցելուներին հազարավոր նամակներ որոնել Հիլարի Քլինթոնի անձնական էլեկտրոնային փոստի սերվերից, որը նա օգտագործել է պետքարտուղարի պաշտոնում աշխատանքի ընթացքում, հաղորդում է The Washington Times-ը:

 

Չնայած պորտալը չի հրապարակել նախկինում չհրապարակված նամակագրություն, բայց այն թույլ է տալիս օգտատերերին արագորեն բանալի բառերով որոնում կատարել 50.547 էջ փաստաթղթերի մեջ, որոնք արդեն ամբողջությամբ հրապարակվել էին Պետդեպարտամենտի կողմից։

 

WikiLeaks-ը հայտարարել է, որ արխիվը պարունակում է 30.322 էլեկտրոնային նամակ և կից փաստաթուղթ՝ հասցեագրված 2010 թվականի հունիսից մինչև 2014 թվականի օգոստոսը, այդ թվում՝ Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածուի հավակնորդի կողմից ուղարկված 7.570 էլեկտրոնային նամակ:

 

Պետդեպարտամենտը սկսել էր հրապարակել Քլինթոնի էլեկտրոնային փոստի սերվերի բովանդակությունն անցած մայիսից՝ այն բանից հետո, երբ բացահայտել էր, որ նա անձնական հաշիվն է օգտագործել պաշտոնական նամակագրության համար։