Պեկինի իշխանությունները մինչև 8.000 դոլարի չափով գումար կվճարեն շրջակա միջավայրի աղտոտման մասին հաղորդողներին

15:54 • 18.03.16

Չինաստանի մայրաքաղաքի իշխանությունները մտադիր են մինչև 50 հազար յուանի (մոտ 7,7 հազար դոլար) չափով պարգևատրում վճարել այն մարդկանց, ովքեր կհաղորդեն քաղաքում շրջակա միջավայրի աղտոտման փաստերի մասին։ Այդ մասին հայտնել են շրջակա միջավայրի պահպանության քաղաքային վարչությունից, հաղորդում է РИА Новости-ն։

 

Հաղորդվում է, որ այդ միջոցը Չինաստանի մայրաքաղաքում կսկսի գործել ապրիլից: Կախված խախտման տեսակից, իսկ դրանք 17-ն են, կտարբերվի նաև պարգևատրումը՝ 2 հազարից մինչև 50 հազար յուան (308 դոլարից մինչև 8 հազար դոլար):

 

Քաղաքացիները կարող են դրանց մասին հայտնել անձամբ՝ գալով վարչություն, փոստով կամ վարչության կայքի միջոցով, խախտումների թվում ներառված են օդի, ջրի աղտոտումները, ռադիոակտիվ թափոնների հետ սխալ վարվելը, օզոնային շերտին վնաս հասցնող նյութերի օգտագործումը:

 

Հաղորդվում է, որ տվյալները հարկավոր է լինելու հաստատել: Աղտոտումների մասին այն հաղորդագրությունների համար, որոնք ներառված չեն լինի այդ 17 տեսակների մեջ, կվճարվի 100 յուանի (մոտ 15 դոլար) չափով պարգևատրում:

 

Պեկինի իշխանությունները մինչև 8.000 դոլարի չափով գումար կվճարեն շրջակա միջավայրի աղտոտման մասին հաղորդողներին