Թուրքիայում Գերմանիայի ներկայացուցչություններն ու դպրոցները փակ կլինեն մինչև շաբաթվա վերջ
Թուրքիայում գերմանական ներկայացուցչություններն ու դպրոցները փակ կմնան մինչև շաբաթվա վերջ։ Նման որոշում է կայացրել Գերմանիայի կառավարության ճգնաժամային շտաբը: Այդ մասին հայտնել է РИА Новости-ն՝ վկայակոչելով Գերմանիայի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցչին:
Ավելի վաղ Գերմանիայի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Անկարայում Գերմանիայի դեսպանատունը, ինչպես նաև Ստամբուլում գլխավոր հյուպատոսարանը և երկու քաղաքներում գերմանական դպրոցները փակվել են ահաբեկչական հարձակումների վտանգի մասին կոնկրետ տվյալների պատճառով: Ինչպես հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, գերմանական հատուկ ծառայությունները չորեքշաբթի երեկոյան տեղեկություն են ստացել Թուրքիայի տարածքում Գերմանիայի ներկայացուցչությունների դեմ ահաբեկչական հարձակումների պատրաստման մասին:
«Երեկ ԱԳՆ-ում Գերմանիայի կառավարության ճգնաժամային շտաբի նիստ է անցկացվել հարցերի վերաբերյալ, թե որքան մեծ է վտանգը և ինչ միջոցներ է անհրաժեշտ ձեռնարկել: Նիստի արդյունքներով՝ Ստամբուլում և Անկարայում ներկայացուցչությունները և դպրոցները փակ կլինեն մինչև շաբաթվա վերջ»,- ասել է նախարարության ներկայացուցիչը:










