«Մոլորակի ժամը» տեղի կունենա մարտի 19-ին ժամը 20:30-ին. այս տարի այն կլինի ռեկորդային

12:39 • 18.03.16

 

Այս տարի «Մոլորակի ժամը» տեղի կունենա մարտի 19-ին, ժամը 20:30-ին: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին հայտնեց Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի հասարակայնության հետ կապերի և համագործակցության բաժնի ղեկավար Հերմինե Հակոբյանը: Նա նշեց, որ այս տարին ռեկորդային է, քանի որ միացել է 178 երկիր, ինչպես նաև ռեկորդային է Հայաստանի համար՝ նախաձեռնությանը միացած քաղաքների թվի առումով:


Նշենք, որ «Մոլորակի ժամ»-ի նպատակն է միավորել մարդկության ջանքերը կլիմայի փոփոխության դեմ մղվող պայքարում և մեկ ժամով անջատել լույսերը:
 

Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը կարևորեց, որ Հայաստանում յուրաքանչյուր քաղաքացի մտածի իր բնապահպանական հետքի մասին, չօգտագործի շատ էներգիա, կամ միայն անհրաժեշտության դեպքում օգտագործի:


«Ակցիայի հիմնական նպատակը մարդկանց իրազեկման բարձրացումն է»,-ասաց նա:

 

ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը նշեց, որ կլիմայի փոփոխությունն իր աղետալի հետևանքներն ունի բնապահպանության, գյուղատնտեսության, էներգետիկայի ոլորտների վրա:


«Կարող եմ վստահեցնել, որ այս պայքարում մեր նախարարությունը, մեր համակարգը միասնական է»,-ասաց նա և կարևորեց արևային էներգիան:

 

Նա նշեց, որ այս տարի ընդունվելու է երրորդ եռամյա էներգախնայողության ծրագիրը: Փոխնախարարը հայտնեց, որ անկախ Հայաստանի օրոք ամենաբարձ սպառումը եղել է 2013 թվականի դեկտեմբերին:
 

«Մենք անում ենք մեր հնարավորությունների շրջանակներում և դրանից դուրս ամեն ինչ, մասնակցում ենք բոլոր համապատասխան ծրագրերին, որոնք նպաստում են էներգախնայողությանը և վերականգնվող էներգիայի զարգացմանը»,-ասաց նա և հորդորեց մասնակցել ակցիային:

 

Բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանը ևս կարևորեց ակցիան և նշեց, որ նախարարությունն ավանդաբար միանում է ակցիային:


«Բնապահպանական խնդիրները համամարդկային խոշոր հիմնահարց է: Բնապահպանական մշակույթը, գիտակցությունը պետք է գերակայի հասարակության մեջ: Նման ակցիաները թարմ են պահում այն գիտակցումը, որ շրջակա միջավայրը մեր բոլորի տունն է, և այստեղ ապրելու են մեր երեխաները, թոռները»,-ասաց նա:


ՄԱԶԾ կլիմայի փոփոխությունների ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը նկատեց, որ 2015 թվականի ամառը ամենաշոգն է եղել Հայաստանի համար, ինչպես նաև շոգ է եղել փետրվար ամիսը:


«Այսօր պարտադիր նոր կառուցվող շենքերը էներգախնայող պետք է լինեն»,-ասաց նա և նշեց, որ դա երկարաժամկետ օգուտներ է բերում իր ՝ սոցիալական դրական ազդեցությամբ: Ըստ նրա՝ ամենաճիշտ ճանապարհը խնայողաբար օգտագործելն է:


Սիրողական հեծանվասպորտի զբոսաշրջության ֆեդերացիայի նախագահ Արման Անտոնյանը և փոխնախագահ Էրիկ Անթառանյանը հայտնեցին, որ այդ օրը Մաշտոցի պուրակից ժամը 20:30-ին կվանկարկի հեծանվային երթ, որին կմասնակցեն բազմաթիվ քաղաքացիներ, պատգամավորներ, պաշտոնյաներ դեսպաններ:


Արման Անտոնյանն ասաց, որ նպատակ ունեն զարգացնել հեծանվային մշակույթը Հայաստանում: Ի դեպ, ակցիային մասնակցելու է նաև 55 դպրոց. այս մասին հայտնեց «Տապան էկո ակումբ» ՀԿ-ի ծրագրերի համակարգողը:

 

 

«Մոլորակի ժամը» տեղի կունենա մարտի 19-ին ժամը 20:30-ին. այս տարի այն կլինի ռեկորդային