Ազատության հրապարակում մեկնարկել է «Նոր Հայաստան»-ի հանրահավաքը (ուղիղ)
Ազատության հրապարակում մեկնարկել է «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հանրահավաքը, որը նվիրված է «երկրի սոցիալ-տնտեսական վիճակին և մարդու իրավունքների ոլորտում աղետալի խախտումներին»:
«Նոր Հայաստան»-ի մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանը, ելույթ ունենալով բացման խոսքով, հայտարարեց, թե կյանքը պայքար է, և պայքարը պիտի լինի մշտական:
«Պետք է լինի շարունակական, որպեսզի մենք կարողանանք ապրել՝ անկախ այն հանգամանքից, այստեղ շա՞տ մարդ կհավաքվի, թե քիչ: Կյանքն ունի ելևէջներ»,-հայտարարեց Վարուժան Ավետիսյանը՝ շարունակելով. «Ժամանակին մեր ժողովուրդը, փոքրաքանակ լինելով, կարողացավ խորհրդային կայսրության մինչև հիմքերը ցնցել: Մենք եղանք միակ ազգը նախկին խորհրդային պետության տարածքում, որ կարողացանք որոշակի չափով վերականգնել պատմական արդարությունը»:
Նա հայտարարեց, թե պետք է հավատալ հայ ազգի զորությանը, ուժին. «Մենք չենք կարող այլ կերպ լինել: Պետք է այդպես շարժվենք առաջ՝ նկատի ունենալով, որ պետք է հույս ու հավատ ներշնչենք մեր հայրենակիցներին և ընդլայնելով մեր շարքերը՝ հասնենք բաղձալի նպատակին, հասնենք այն Հայաստանին, որը երազում ենք կառուցել»:










