ԵԱՀԿ-ն Զատկի ու Նովրուզի նախաշեմին կոչ է արել խուսափել սահմանին լարվածությունից
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ է արել խստորեն հետևել հրադադարի ռեժիմին՝ խուսափելով Զատկի ու Նովրուզի նախաշեմին այնպիսի գործողություններից, որոնք կնպաստեն լարվածության աճին։
ԵԱՀԿ-ի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ նշվում է, որ Կասպշիկը մշտադիտարկում է անցկացրել հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում։
«Կողմերն ինձ տեղեկացրել են սահմանին վերջին դեպքերի մասին, և ես լսել եմ նրանց բողոքները։ Կողմերն ընդգծել են, որ զորքերի շփման գծում գյուղերը մոտ են տեղակայված։ Սահմանամերձ գոտիների բնակիչները լրջորեն տուժում են հրադադարի ռեժիմի խախտումներից»,-ասել է նա։
Նա շնորհավորել է տարածաշրջանի բոլոր բնակիչներին առաջիկա տոների առիթով և կոչ արել այդ ընթացքում խուսափել հրադադարի խախտումներից։
«Առաջիկա Նովրուզ Բայրամի և Զատկի տոները հաշվի առնելով՝ ես կողմերին կոչ եմ անում պահպանել հրադադարն ու խուսափել այնպիսի գործողություններից, որոնք կարող են նպաստել շփման գծում կամ սահմանին լարվածության աճին»,-ասել է նա։










