Ավետիսյանների գործով դատական նիստին հրապարակվում են առկա փաստաթղթերը

15:02 • 18.03.16

 


Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում շարունակվում է Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործով արտագնա դատական նիստը: Դատարանն անցել է փաստաթղթերի հրապարակման փուլին:


Ինչպես տեղեկացրեց մեղադրող կողմը, դեպքից հետո Վալերի պերմյակովից վերցված մազի, մեզի և արյան նմուշներում չի հայտնաբերվել թմրանյութի հետքեր, ինչպես նաև ալկոհոլ:

 

Նման նմուշներ են վերցվել նաև Վալերի Պերմյակովի համածառայողներից: Նրանց արյան մազի և մեզի մեջ ևս չի հայտնաբերվել թմրանյութի կամ ալկոհոլի հետքեր:


Այնուհետև մեղադրողը նկարագրեց, թե ինչպես և որտեղ է դեպքից հետո հայտնաբերվել ամբաստանյալը: Մասնավորապես նրան հայտնաբերել են Հայաստան-Թուրքիայի սահմանին՝ փշալարերից 10մ հեռավորության, որը կանգ առել միայն՝ «Կկրակեմ, կանգ առ» զգուշացումից հետո: 

 

Դատարանում ցուցադրվեցին տեղանքի նկարները, ինչպես նաև այն տնակի, որտեղ եղել է նույն օրվա երեկոյան Պերմյակովը:

 

Ցուցադրվեցին նաև դեպքից հետո դեպքի վայրում հայտնաբերված, իսկ հետո փորձաքննություն անցած զենքը և պարկուճներն ու գնդակի հետքերը:

 

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամի սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում։ «Նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն« այնուհետև յոթ օր հետո մահացել:


ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին  մեղադրանք են առաջադրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու և ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը: Ռուսական կողմից հարուցված քրեական գործով Պերմյակովը դասալքության և զենքի ապօրինի կրման համար օգոստոսի 12-ին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման:

 

 

Ավետիսյանների գործով դատական նիստին հրապարակվում են առկա փաստաթղթերը