ՌԴ ԱԻ նախարարը Երևանում Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոն կբացի
ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավար Վլադիմիր Պուչկովը մեկնում է Երևան, որտեղ կբացի Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոն, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը` նախարարության մամուլի ծառայությանը հղումով:
Կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը կմասնակցեն նաև Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը և ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:
«Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը հիմնվել է 2015թ. մայիսի 19-ի միջկառավարական համաձայնագրի շրջանակում: Նրա հիմնական խնդիրներից կլինի որոնողա-փրկարարական գործողությունների անցկացումը` արտակարգ իրավիճակների չեզոքացման ժամանակ, որոնք առավել բնորոշ են լեռնային շրջաններին և պայմանավորված են երկրաշարժերով, սողանքներով, ձնակույտերով: Կենտրոնի մասնագետները կզբաղվեն նաև խոշոր հրդեհների մարմամբ, հումանիտար օգնության մատակարարմամբ, ազգային արտակարգ ծառայությունների անձնակազմերի որակավարման բարձրացմամբ»,- նշել են նախարարությունում:
Աշխատանքային այցի շրջանակում նախարարը հանդիպումներ կունենա ՀՀ նախագահի և վարչապետի հետ:










