Հարավային Օսիայի ղեկավարը «հարմար պահի է սպասում» Ռուսաստանի կազմի մեջ մտնելու համար
Մասամբ ճանաչված Հարավային Օսիայի Հանրապետության ղեկավար Լեոնիդ Տիբիլովը հայտնել է, որ շրջանը «հարմար պահի է սպասում», որի դեպքում կկարողանա մտնել Ռուսաստանի կազմի մեջ։ Նա այդ մասին ասել է «Коммерсантъ» թերթին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի իշխանությունները բազմիցս ասել են, որ Հարավային Օսիայի հետ հարաբերությունների բնույթը որոշում է հանրապետության ժողովուրդը: Տիբիլովը նաև նշել է, որ Ռուսաստանի կազմի մեջ մտնելու ցանկության պես քայլերը պետք է «մտածվեն, հաշվարկվեն և քննարկվեն»: Նա հավելել է, որ Մոսկվան տեղյակ է, որ այդ հարցի վերաբերյալ աշխատանք է տարվում:
«Բայց երբեմն որոշումների կայացման համար հարկավոր են որոշակի հնարավորություններ կամ հանգամանքներ: Ոչ ոք չէր մտածում մի քանի տարի առաջ, որ Ղրիմում հանրաքվեի անցկացումը հնարավոր կլինի: Սակայն, երբ աստղերը հարմար դիրք ստացան Ղրիմի և Ռուսաստանի ժողովուրդների համար, այդ որոշումը կայացվեց»,- հայտարարել է Տիբիլովը:
Նա չի բացառել, որ դա կարող է տեղի ունենալ նաև Հարավային Օսիայի հետ:










