ԱՄՆ-ում ավելի քան 1 մլրդ դոլար արժողությամբ ստարտափերի կեսը հիմնել են ներգաղթյալները
ԱՄՆ-ում ստարտափերի կեսից ավելին (51 տոկոսը), որոնց արժեքը 1 միլիարդ դոլարից ավելի է, հիմնել են ներգաղթյալները: Այդ մասին գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով National Foundation for American Policy (NFAP) կազմակերպության հետազոտությունը:
NFAP-ի վերլուծաբաններն ԱՄՆ-ում հաշվել են 87 նման ընկերություն, դրանցից 44-ը հիմնել են այլ պետությունների քաղաքացիները:
Ներգաղթյալների կողմից ստեղծված ավելի քան մեկ միլիարդ դոլար արժողությամբ ստարտափերի ընդհանուր արժեքը 168 միլիարդ դոլար է, միջինն այդ ընկերություններում աշխատում է 760 մարդ: Ներգաղթյալներն այդ ընկերություններում զբաղեցնում են ղեկավար պաշտոնների 70 տոկոսից ավելին:
Օտարերկրացիների կողմից ԱՄՆ-ում ստեղծված ամենաթանկ ստարտափերն են Uber տաքսու պատվերի ծառայությունը (հիմնադիրը՝ կանադացի Գերեթ Քեմփ), տվյալների վերլուծության ծրագրային ապահովման ուղղությամբ աշխատող Palantir Technologies-ը (հիմնադիրներից մեկը՝ գերմանացի Պետեր Տիլ) և SpaceX հրթիռներ արտադրողը (հիմնել է Tesla-ի ղեկավար Իլոն Մասկը՝ Հարավաֆրիկյան Հանրապետությունից):
Ստարտափերի թվում է նաև 3 միլիարդ դոլար արժողությամբ Moderna Therapeutics-ը, որի համահիմնադիրը Հայաստանից Նուբար Աֆեյանն է։










