Սիրիական ընդդիմությունը չի աջակցում քրդերի կողմից դաշնային շրջանի հռչակմանը
Սիրիայում ընդդիմադիր «Կամահ» շարժման առաջնորդ Հայսամ Մանաան հրաժարվել է աջակցել երկրի քրդերի կողմից Հյուսիսային դաշնային շրջանի հռչակմանը։
Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, սիրիական հայրենասիրական ընդդիմության կարկառուն ներկայացուցիչներից մեկը քրդերին կոչ է արել վերանայել իրենց ընդունած որոշումը։
Նրա խոսքով՝ «Սիրիայի ապագան խորհրդարանական ժողովրդավարական հանրապետության ստեղծումն է՝ շրջաններում ապակենտրոնացված համակարգով»։
«Մենք մեր քուրդ եղբայրներին ու ընկերներին կոչ էինք արել չշտապել նման որոշման հարցում, սակայն նրանք չընդունեցին մեր տեսակետը»,-ասել է Մանաան։
Կառույցի ղեկավարը «Ժողովրդավարական Սիրիայի խորհրդի» համանախագահներից է, որի ռազմական կառույցը հաջող գործողություններ է իրականացնում «Իսլամական պետության» զինյալների դեմ։ Նա իր լիազորությունները կիսում է քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության ղեկավար Սալեհ Մուսլիմի հետ։
Հենց այդ կազմակերպությունն էլ Սիրիայի Քամշլի, Քոբանի և Աֆրին շրջաններում 2013 թվականին ինքնավար ինքնիշխանություն էր հայտարարել։ Այդ քայլն արդարացվել էր այն հանգամանքով, որ այդ շրջանները ճգնաժամի սկզբից հետո գրեթե անհասանելի էին մնացել կենտրոնական իշխանությունների համար։










