Վաշինգտոնը չի ճանաչում Սիրիայում քրդական ինքնավարությունը
Վաշինգտոնը չի ճանաչում Սիրիայի քրդերի կողմից հռչակված ինքնավարությունը: Այդ մասին հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Մենք չենք ճանաչում Սիրիայի տարածքում ինքնավարության կիսաավտոնոմ գոտիները»,- հայտարարել է Քիրբին՝ երկրի հյուսիսում քրդական դաշնային շրջանի ստեղծման վերաբերյալ լրագրողի հարցին ի պատասխան:
«Մենք ցանկանում ենք Սիրիան տեսնել միասնական և ամբողջական երկիր՝ կառավարության ղեկավարությամբ, որը չի գլխավորի Բաշար ալ-Ասադը և որը կհամապատասխանի սիրիացի ժողովրդի պահանջներին: Ամբողջական, միասնական, աշխարհիկ Սիրիա, ահա մեր նպատակը»,- շարունակել է Քիրբին՝ հավելելով, որ մյուս երկրները կիսում են այդ մոտեցումը:
Սիրիայի քրդերը հինգշաբթի օրը հայտարարել են երկրի հյուսիսում դաշնային շրջանի ստեղծման մասին:
Սիրիական կառավարությունն արդեն հայտարարել է, որ այդ որոշումը չունի իրավական ուժ: Թուրքական իշխանությունները նույնպես հայտարարել են, որ հանդես են գալիս դաշնայնության մասին միակողմանի որոշման դեմ:
Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Միխայիլ Բոգդանովը հայտնել է Интерфакс գործակալությանը, որ Մոսկվան նույնպես չի պաշտպանում այդ որոշումը։










