Ավիավթարից հետո «Аэрофлот»-ը չեղարկել է դեպի Դոնի Ռոստով և այնտեղից բոլոր չվերթները, այդ թվում՝ Դոնի Ռոստով-Երևան չվերթը
«Аэрофлот» ընկերությունը չեղյալ է հայտարարել մարտի 19-ին և 20-ին Դոնի Ռոստով մեկնող և այնտեղից թռչող բոլոր չվերթները՝ Boeing-ի կործանման պատճառով: Այդ մասին հաղորդագրությունը հրապարակվել է ընկերության կայքում, գրում է tvrain.ru-ն:
Հաղորդագրությունում ասվում է, որ արտակարգ իրավիճակի առնչությամբ Դոնի Ռոստովի օդանավակայանը փակ է:
«Аэрофлот»-ի դուստր ընկերություն «Դոնավիան» մարտի 19-ին չեղյալ է հայտարարել չորս չվերթ, որոնց թվում են նաև Սոչի-Երևան 5367-5366 և Դոնի Ռոստով - Երևան 5330-5331 չվերթները:
Ավիաընկերությունը նշում է, որ բոլոր չվերթները կիրականացվեն Կրասնոդարի օդանավակայանից: «Аэрофлот»-ի բոլոր ուղևորների համար կազմակերպվել է Դոնի Ռոստովի և Կրասնոդարի միջև ցամաքային տրանսֆեր:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի օդանավակայանում այսօր՝ տեղի ժամանակով 03։50-ին, վթարի է ենթարկվել FlyDubai ավիաընկերությանը պատկանող Boeing 737-800 ուղևորատար ինքնաթիռը, ինչի հետևանքով զոհվել են բոլոր 55 ուղևորները և անձնակազմի 6 անդամները: Վթարը տեղի է ունեցել վայրէջքի ժամանակ, երբ ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել թռիչքուղու վրա և ընկել է դրանից 50-100 մետր հեռավորության վրա, ինչի հետևանքով ինքնաթիռը մի քանի մասի է բաժանվել և հրդեհվել: Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն նշել է Դոնի Ռոստովում ավիաաղետի հիմնական վարկածները` օդաչուի սխալ կամ տեխնիկական անսարքություն։










