FlyDubai-ի ղեկավարությունը ցավակցություն է հայտնել Boeing 737-ի կործանման հետևանքով զոհերի ընտանիքներին

11:28 • 19.03.16

FlyDubai ավիաընկերության գլխավոր տնօրեն Գայս ալ-Գայսը Boeing 737-800 ինքնաթիռի կործանման կապակցությամբ պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել։ Նրա հայտարարությունը տեղադրված է ավիաընկերության կայքում, տեղեկացնում է lenta.ru-ն։

 

«Մենք մեր խորին ցավակցություններն ենք հայտնում ուղևորների և անձնակազմի անդամների ընտանիքներին։ FlyDubai-ի բոլոր աշխատակիցները ցնցված են տեղի ունեցածից, մեր սրտերն այժմ զոհերի հարազատների հետ են։ Մենք դեռ չգիտենք աղետի մանրամասները, սակայն սերտորեն աշխատում ենք իշխանությունների հետ՝ կատարվածի պատճառները պարզելու համար»,- ասել է Ալ-Գայսը։

 

Նա խոստացել է օգնություն ցուցաբերել զոհերի հարազատներին։

 

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի օդանավակայանում այսօր՝ տեղի ժամանակով 03։50-ին, վթարի է ենթարկվել FlyDubai ավիաընկերությանը պատկանող Boeing 737-800 ուղևորատար ինքնաթիռը, ինչի հետևանքով զոհվել են բոլոր 55 ուղևորները և անձնակազմի 6 անդամները։ Ինքնաթիռը Դոնի Ռոստով էր մեկնել Դուբայից։

FlyDubai-ի ղեկավարությունը ցավակցություն է հայտնել Boeing 737-ի կործանման հետևանքով զոհերի ընտանիքներին