Ստամբուլում պայթյունի զոհերի թիվը հասել է 5-ի, կա 20 վիրավոր
Ստամբուլի Իսթիքլյալ փողոցում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է հինգի: Այդ մասին հայտնել է Ստամբուլի նահանգապետ Վասիպ Շահինը, գրում է РИА Новости-ն:
Նահանգապետը հաստատել է նաև տեղեկությունն այն մասին, որ Ստամբուլի կենտրոնում ահաբեկչությունն իրականացրել է մահապարատ ահաբեկիչը:
«Մահապարտը պայթեցրել է իրեն, այո՛, դա մահապարտ ահաբեկչի հարձակում է: Հինգ հոգի զոհվել է, այդ թվում՝ և ահաբեկիչը: Քսան վիրավոր գտնվում է հիվանդանոցում»,- ասել է Շահինը դեպքի վայրում գտնվող լրագրողներին:
Հաղորդվում է նաև, որ Թուրքիայի իշխանությունները սահմանափակումներ են մտցրել ԶԼՄ-ներում Ստամբուլի ահաբեկչության լուսաբանման հարցում։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի հեռուստատեսության և ռադիոյի հարցերով բարձրագույն խորհուրդը:
Արգելքը վերաբերում է ուղիղ եթերով ահաբեկչության վայրը ցուցադրելուն, պայթյունի պահը և դրանից հետո տեղի ունեցած իրավիճակը հեռարձակելուն, այդ թվում՝ զոհերին ցուցադրելը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ստամբուլի Բեյօղլու թաղամասում՝ կենտրոնական Իսթիքլյալ փողոցում պայթյուն է տեղի ունեցել, կան զոհեր ու վիրավորներ:
Հիշեցնենք, որ Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունն իր կայքում նախազգուշացում էր հրապարակել՝ կոչ անելով իր երկրի քաղաքացիներին զգույշ լինել մարտի 17-21-ն ընկած ժամանակահատվածում։










