Հայտնի են դարձել Դոնի Ռոստովում կործանված ինքնաթիռի օդաչուի վերջին խոսքերը

14:40 • 19.03.16

LifeNews-ին հայտնի են դարձել այս գիշեր Դոնի Ռոստովի օդանավակայանում կործանված Fly Dubai ավիաընկերության FZ981 չվերթի Boeing-737 ինքնաթիռի օդաչուի վերջին խոսքերը:

 

Ինչպես լրատվամիջոցին հայտնել են իրավապահ մարմիններում աղբյուրները, ավիավթարից մի քանի վայրկյան առաջ ինքնաթիռի օդաչուն հայտնել է, որ նրանք պատրաստվում են վայրէջք իրականացնել:


«Օդաչուի վերջին խոսքերը եղել են անգլերենով «Գնում եմ երկրորդ անգամ վայրէջքի»»,- նշել է աղբյուրը:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ DonDay.ru պարբերականը հրապարակել է Դոնի Ռոստովի օդանավակայանի դիսպետչերների և այս գիշեր նույն օդանավակայանում վայրէջք կատարելու ընթացքում կործանված Flydubai ավիաընկերության Boeing 737-800 ինքնաթիռի օդաչուների միջև բանակցությունների աուդիո ձայնագրությունը։ Ո՛չ օդաչուի, ո՛չ երկու դիսպետչերների ձայնում տագնապ չի նկատվում: Նրանք քննարկում են վայրէջքի տեխնիկական մանրամասները: Բանակցություններից հետևում է, որ օդաչուները չեն հաղորդել ինքնաթիռում որևէ անսարքության մասին, և թռիչքն անցել է նորմալ ռեժիմով՝ մինչ վթարի պահը:

 

 

 

 

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի օդանավակայանում այսօր՝ տեղի ժամանակով 03։50-ին, վթարի է ենթարկվել FlyDubai ավիաընկերությանը պատկանող Boeing 737-800 ուղևորատար ինքնաթիռը, ինչի հետևանքով զոհվել են բոլոր 55 ուղևորները և անձնակազմի 6 անդամները: Վթարը տեղի է ունեցել վայրէջքի ժամանակ, երբ ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել թռիչքուղու վրա և ընկել է դրանից 50-100 մետր հեռավորության վրա, ինչի հետևանքով ինքնաթիռը մի քանի մասի է բաժանվել և հրդեհվել: Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն նշել է Դոնի Ռոստովում ավիաաղետի հիմնական վարկածները` օդաչուի սխալ կամ տեխնիկական անսարքություն։

 
Հայտնի են դարձել Դոնի Ռոստովում կործանված ինքնաթիռի օդաչուի վերջին խոսքերը