Ավիավթարից հետո «Аэрофлот»-ը չեղարկել է դեպի Դոնի Ռոստով և այնտեղից բոլոր չվերթները, այդ թվում՝ Դոնի Ռոստով-Երևան չվերթը (տեսանյութ, թարմացված, տարբերակ 13)

08:34 • 19.03.16


16.33 Հայտնվել է նոր տեսանյութ Դոնի Ռոստովում FlyDubai ավիաընկերության FZ981 չվերթն իրականացնող «Boeing 737-800» ինքնաթիռի կործանման վայրից:


Կադրերում, որոնք հրապարակել է LifeNews-ը, երևում է, թե ինչպես է ինքնաթիռն ընկնում և պայթում գետնին հարվածելուց հետո:


 


 

 



15.40  FlyDubai ավիաընկերության գործադիր տնօրեն Գեյթ ալ-Գեյթը, անդրադառնալով Դոնի Ռոստովում այսօր գիշերը օդանավի կործանմանը, հայտարարել է, որ Դոնի Ռոստովի օդանավակայանում եղանակը թույլ է տվել չվերթ իրականացնել: Այդ մասին հաղորդում է РИА Новости-ն:


«Եթե եղանակը անհարմար լիներ, ինքնաթիռը չէր թռչի»,- հայտարարել է ալ-Գեյթը՝ ավելացնելով, որ դեռ շուտ է ասել, թե ինչն է եղել ինքնաթիռի կործանման պատճառը։


«Մենք տեղեկություն կունենանք միջադեպի հանգամանքների և սև արկղի մասին: Ռուսաստանի իշխանությունների հետ համագործակցությամբ իրականացվում է հետաքննություն, և մենք սպասում ենք արդյունքներին»,- ասել է Գեյթը և հավելել, որ օդաչուից տագնապի ազդանշան չի ստացվել:


Բացի այդ, այժմ ստուգվում է տեղեկությունն այն մասին, որ կործանված Boeing-ը փորձել է երկու ժամ վայրէջք կատարել: Նրա խոսքերով՝ դա ոչ ստանդարտ իրավիճակ է:


Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Դոնի Ռոստովի օդանավակայանում վայրէջք կատարելու անհաջող փորձից հետո Boeing 737-800 ինքնաթիռը օդում է եղել ևս դեռ երկու ժամ:

 



14.38  «Аэрофлот» ընկերությունը չեղյալ է հայտարարել մարտի 19-ին և 20-ին Դոնի Ռոստով մեկնող և այնտեղից թռչող բոլոր չվերթները՝ Boeing-ի կործանման պատճառով: Այդ մասին հաղորդագրությունը հրապարակվել է ընկերության կայքում, գրում է tvrain.ru-ն:


Հաղորդագրությունում ասվում է, որ արտակարգ իրավիճակի առնչությամբ Դոնի Ռոստովի օդանավակայանը փակ է: «Аэрофлот»-ի դուստր ընկերություն «Դոնավիան» մարտի 19-ին չեղյալ է հայտարարել չորս չվերթ, որոնց թվում են նաև Սոչի-Երևան 5367-5366 և Դոնի Ռոստով - Երևան 5330-5331 չվերթները:


Ավիաընկերությունը նշում է, որ բոլոր չվերթները կիրականացվեն Կրասնոդարի օդանավակայանից: «Аэрофлот»-ի բոլոր ուղևորների համար կազմակերպվել է Դոնի Ռոստովի և Կրասնոդարի միջև ցամաքային տրանսֆեր:

 



12.34 Հայտնաբերվել են Դոնի Ռոստովում կործանված Boeing 737-800 ինքնաթիռի «սև արկղերը»։ Այդ մասին «Ռոսսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտնել է ՌԴ տրանսպորտի նախարարի խորհրդական Ժաննա Տերեխովան, փոխանցում է «Ինտերֆաքս» գործակալությունը։


««Սև արկղերը» հայտնաբերվել են, այդ իսկ պատճառով այսօր, հավանաբար, արդեն որոշում կկայացվի՝ երբ դրանք կվերծանվեն»,- ասել է նա՝ հավելելով, որ դրանից հետո արդեն պարզ կլինի ՝ որն է եղել վթարի պատճառը։

Ուժային կառույցներում աղբյուրի խոսքով՝ հայտնաբերվել է «սև արկղերից» միայն մեկը։

Ի դեպ, հետաքննությանը կմասնակցեն Արաբական Միացյալ Էմիրություններից, ԱՄՆ-ից և Ֆրանսիայից փորձագետներ։ 

 


11.57 Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն նշել է Դոնի Ռոստովում ավիաաղետի հիմնական վարկածները` օդաչուի սխալ կամ տեխնիկական անսարքություն։ Այս մասին հայտնել է Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Օքսանա Կովրիժնայան, փոխանցում է lenta.ru-ն։


«Այժմ քննարկվում է Դոնի Ռոստովում ավիաաղետի 2 հիմնական վարկած. օդաչուի սխալը եղանակային վատ պայմանների դեպքում կամ տեխնիկական անսարքությունը»,- ասել է Կովրիժնայան։

 

 


11.28  FlyDubai ավիաընկերության գլխավոր տնօրեն Գայս ալ-Գայսը Boeing 737-800 ինքնաթիռի կործանման կապակցությամբ պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել։ Նրա հայտարարությունը տեղադրված է ավիաընկերության կայքում, տեղեկացնում է lenta.ru-ն։


«Մենք մեր խորին ցավակցություններն ենք հայտնում ուղևորների և անձնակազմի անդամների ընտանիքներին։ FlyDubai-ի բոլոր աշխատակիցները ցնցված են տեղի ունեցածից, մեր սրտերն այժմ զոհերի հարազատների հետ են։ Մենք դեռ չգիտենք աղետի մանրամասները, սակայն սերտորեն աշխատում ենք իշխանությունների հետ՝ կատարվածի պատճառները պարզելու համար»,- ասել է Ալ-Գայսը։

Նա խոստացել է օգնություն ցուցաբերել զոհերի հարազատներին։

 


11.13  Դոնի Ռոստովում ավիաաղետի հետևանքով մահացածների ընտանիքները 1-ական մլն ռուբլու չափով փոխհատուցում կստանան։ Այս մասին հայտարարել է Ռոստովի մարզի նահանգապետ Վասիլի Գոլուբևը, փոխանցում է meduza.io-ն։

 


10.23  Life News լրատվամիջոցին հայտնի է դարձել ուղևորների նախնական ցուցակը, որոնք գտնվել են Դոնի Ռոստովում աղետի ենթարկված Boeing 737 ինքնաթիռում: Ըստ հրապարակված նախնական տվյալների` զոհերի թվում հայեր չկան։

 

Ցուցակն ամբողջությամբ՝ այստեղ։


Հրապարակվել են նաև ինքնաթիռի անձնակազմի անդամների լուսանկարները, նրանց թվում եղել է մեկ կիպրոսցի, Իսպանիայի 2, Կոլումբիայի և Ղրղզստանի 1-ական, Սեյշելյան կղզիների 1 և ՌԴ 1 քաղաքացի։

 


10.12 Դոնի Ռոստովի օդանավակայանում կործանված Boeing 737-800 օդանավը FlyDubai ավիաընկերության պատմության մեջ աղետի ենթարկված առաջին ինքնաթիռն է դարձել։


2009 թվականին աշխատանքից ի վեր ավիաընկերության ինքնաթիռները չեն մասնակցել որևէ լուրջ ավիացիոն միջադեպերի։ Այդ մասին են վկայում Aviation Safety Network պորտալի տվյալները, փոխանցում է gazeta.ru-ն։

 


9.55   FlyDubai ավիաընկերության Boeing 737-800 ուղևորատար ինքնաթիռը, որը կործանվել է Դոնի Ռոստովում, վայրէջքի ժամանակ թևով հարվածել է թռիչքուղուն, սկսել է քանդվել և այրվել: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԻՆ-ի Ռոստովի մարզի գլխավոր վարչությունը: Ինքնաթիռը 2-րդ անգամ է փորձել վայրէջք կատարել վատ եղանակի պատճառով, փոխանցում է meduza.io-ն:

 

Դեպքի վայրում հայտնաբերվել են մահացածների մարմինները։ Արտակարգ ծառայություններում աղբյուրները հայտնում են, որ որոշ մարմիններ ուժեղ այրվել են:



Ռոստովում մարտի 20-ը կհայտարարվի սգո օր։


9.39   Դոնի Ռոստովում Flydubai ավիաընկերությանը պատկանող Boeing 737 օդանավի կործանման հարցում ահաբեկչության վարկածը չի դիտարկվում։ Այդ մասին «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել են արտակարգ իրավիճակների ծառայությունում։


«Նման վարկածը քիչ հավանական է, անգամ՝ բացառված։ Հիմնական պատճառների թվում այն չի դիտարկվում։ Այդտեղ ավելի շատ տեխնիկական պատճառներն են»,- ասել է աղբյուրը։

ՌԴ Քննչական կոմիտեն վթարի կապակցությամբ քրեական գործ է հարուցել։

 


9.25 Դոնի Ռոստովում Boeing ինքնաթիռի կործանման պատճառ է նշվում միայն եղանակային պայմանների վարկածը: Այս մասին հայտարարել է ՌԴ Ռոստովի մարզի նահանգապետ Վասիլի Գոլուբևը, փոխանցում է Лента-ն:

 

Միևնույն ժամանակ, երկրի տրանսպորտի նախարարությունում նշում են աղետի մի քանի հնարավոր պատճառներ, այդ թվում` FlyDubai ընկերության օդաչուների հնարավոր սխալը:


«Քննարկվում են մի քանի վարկածներ, դա և՛ եղանակային վատ պայմաններն են, և՛ օդաչուների հնարավոր սխալը»,- հայտնել է տրանսպորտի նախարարի խորհրդական Ժաննա Տերեխովան:

 


Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի օդանավակայանում այսօր՝ տեղի ժամանակով 03։50-ին վթարի է ենթարկվել FlyDubai ավիաընկերությանը պատկանող Boeing 737-800 ուղևորատար ինքնաթիռը, ինչի հետևանքով զոհվել են բոլոր 55 ուղևորները և անձնակազմի 6 անդամները, տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները։


Վթարը տեղի է ունեցել վայրէջքի ժամանակ, երբ ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել թռիչքուղու վրա և ընկել է դրանից 50-100 հեռավորության վրա, ինչի հետևանքով ինքնաթիռը մի քանի մասի է բաժանվել և հրդեհվել։


Առայժմ հայտնի չէ, թե որն է եղել վթարի պատճառը, թեև որպես հնարավոր պատճառներ դիտարկվում են վատ տեսանելիությունը և ուժեղ քամիները։

 

Ավիավթարից հետո «Аэрофлот»-ը չեղարկել է դեպի Դոնի Ռոստով և այնտեղից բոլոր չվերթները, այդ թվում՝ Դոնի Ռոստով-Երևան չվերթը (տեսանյութ, թարմացված, տարբերակ 13)