«Аэрофлот»-ի ինքնաթիռը 3 անգամ փորձել է վայրէջք կատարել Դոնի Ռոստովում մինչ FlyDubai-ի ինքնաթիռի անկումը

13:27 • 19.03.16

«Аэрофлот» ավիաընկերության Sukhoi Superjet 100-95B ինքնաթիռը, որը կատարում էր Մոսկվայից SU1166 չվերթը, երեք անգամ փորձել է վայրէջք կատարել Դոնի Ռոստովի միջազգային օդանավակայանում՝ FlyDubai ընկերության Boeing 737-800 ինքնաթիռի վայրէջք կատարելու առաջին փորձի և դրա կործանման միջև ընկած հատվածում։ Այդ մասին գրում է lenta.ru կայքը՝ վկայակոչելով Flightradar24 կայքը։

 

Ի վերջո ինքնաթիռը վայրէջք է կատարել Կրասնոդարի օդանավակայանում:

 

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի օդանավակայանում այսօր՝ տեղի ժամանակով 03։50-ին, վթարի է ենթարկվել FlyDubai ավիաընկերությանը պատկանող Boeing 737-800 ուղևորատար ինքնաթիռը, ինչի հետևանքով զոհվել են բոլոր 55 ուղևորները և անձնակազմի 6 անդամները:


ТАСС-ի տեղեկություններով՝ նման իրավիճակ է տեղի է ունեցել նաև այս գիշեր Պրահայից թռչող Czech Airlines ընկերության ինքնաթիռի հետ: Օդանավը պետք է վայրէջք կատարեր Դոնի Ռոստովի օդանավակայանում Մոսկվայի ժամանակով 03:25-ին, սակայն ի վերջո այն ընդունել են Կրասնոդարում:

Turkish Airlines-ի ինքնաթիռը, որը պետք է վայրէջք կատարեր Դոնի Ռոստովում 03:55-ին, վերադարձել է մեկնման օդանավակայան։

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ հայտնաբերվել են Դոնի Ռոստովում կործանված Boeing 737-800 ինքնաթիռի «սև արկղերը»։ Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն նշել է Դոնի Ռոստովում ավիաաղետի հիմնական վարկածները` օդաչուի սխալ կամ տեխնիկական անսարքություն։

«Аэрофлот»-ի ինքնաթիռը 3 անգամ փորձել է վայրէջք կատարել Դոնի Ռոստովում մինչ FlyDubai-ի ինքնաթիռի անկումը