Թռե՛ք ցերեկը. Ժիրինովսկին կոչ է արել հրաժարվել գիշերային թռիչքներից
Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին խորհուրդ է տվել ռուսներին խուսափել գիշերային ժամերին թռիչքներից։ Այդ մասին նա ասել է «Русская служба новостей» ռադիոկայանի եթերում:
«Ավտոբուսների բոլոր վթարները գիշերն են, ինքնաթիռներինը՝ գիշերը: Թռե՛ք ցերեկը… Մանավանդ ավտոբուսների դեպքում, երբ վարորդն արագություն է բացում և քնում»,- բացատրել է քաղաքական գործիչը:
Նրա խոսքով՝ ամենամեծ վտանգը ճանապարհներին է, քանի որ այնտեղ հանդիպակաց գոտի կա։
«Իսկ ինքնաթիռը կործանվել է, որովհետև նրան թույլ են տվել վայրէջք կատարել, դա չի կարելի անել»,- հավելել է Ժիրինովսկին:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի օդանավակայանում այսօր՝ տեղի ժամանակով 03։50-ին, վթարի է ենթարկվել FlyDubai ավիաընկերությանը պատկանող Boeing 737-800 ուղևորատար ինքնաթիռը, ինչի հետևանքով զոհվել են բոլոր 55 ուղևորները և անձնակազմի 6 անդամները: Վթարը տեղի է ունեցել վայրէջքի ժամանակ, երբ ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել թռիչքուղու վրա և ընկել է դրանից 50-100 մետր հեռավորության վրա, ինչի հետևանքով ինքնաթիռը մի քանի մասի է բաժանվել և հրդեհվել: Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն նշել է Դոնի Ռոստովում ավիաաղետի հիմնական վարկածները` օդաչուի սխալ կամ տեխնիկական անսարքություն։










