Մադրիդի Ռեալի ու Բարսելոնայի լեգենդների մարզագույքի՝ Գյումրիի անօթևանների կարիքներին ուղղված բարեգործական աճուրդը երեկ տեղի չի ունեցել
Երեկ տեղի չի ունեցել «Մադրիդի Ռեալի» ու «Բարսելոնայի» լեգենդների, ինչպես նաև հայ անվանի մարզիկների, այս թվում՝ Հենրիխ Մխիթարյանի ու Լևոն Ջուլֆալակյանի ստորագրություններով մարզաշապիկների, մարզակոշիկների լոտերի աճուրդները, որոնց գումարները պետք է բարեգործական նպատակներով ուղղվեին Գյումրիում անօթևան ընտանիքներին բնակարաններով ապահովելուն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց նախաձեռնության հեղինակ Հայկ Բարսեղյանը:
«Մեսսիի մարզաշապիկը ֆիզիկապես աճուրդի պետք է դրվի ոչ Հայաստանում: Դեռ օրն ու տեղը պարզ չէ, բայց Հայաստանից դուրս կկազմակերպենք»,-ասաց Հայկ Բարսեղյանը:
Հիշեցնենք, որ հրապարակված լոտերի ցանկում են «Մադրիդի Ռեալի» ու «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստների ստորագրությամբ մարզաշապիկներ, Յուրա Մովսիսյանի, Հենրիխ Մխիթարյանի մարզաշապիկները, Վարդան Մինասյանի վերնաշապիկը և գնդակը, «Արարատ-73»-ի ստորագրությամբ գնդակ և այլն: Հրապարակված լոտերի ցանկում են նաև աշխարհահռչակ ջազ երաժիշտ Տիգրան Համասյանի վերնաշապիկը, հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն, օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանի ստորագրությամբ մարզակոշիկները:
Ըստ Հայկ Բարսեղյանի՝ առավել էժան գին ունեցող լոտերն առ ցանց կվաճառվեն Հայաստանում, իսկ թանկարժեքները՝ արտասահմանում:
«Ըստ ամենայնի, թանկարժեք լոտերի վաճառքը կկայանա Մոսկվայում»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ ակցիայի շրջանակներում «Sos Gyumri» ֆեյսբուքյան նախաձեռնության հրապարակման համաձայն՝ արդեն իսկ երեկվա դրությամբ ձեռք էր բերվել 22 բնակարան:










