Հայ առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդը, որն ազդարարում է Հիսուսի հաղթական մուտքը Երուսաղեմ

10:49 • 20.03.16

Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդը կամ Հիսուսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Եկեղեցին այն նշում է Սուրբ Հարությանը նախորդող կիրակի օրը: Ինչպես տեղեկանում ենք qahana.am-ից,  Հիսուսի մուտքը Երուսաղեմ ժողովուրդն ընդունել է խանդավառությամբ` ձիթենու և արմավենու ճյուղերի հետ իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա:


Ըստ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինության՝ Ծաղկազարդը հռչակվել է որպես մանուկների օրհնության օր: Այսօր եկեղեցիներում կատարվում է Մանուկների օրհնության կարգ:

Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, կատարվում է նախատոնակ, բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը տոնական սուրբ պատարագը մատուցվում է բաց վարագույրով: Ծաղկազարդի առավոտյան եկեղեցիներում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստեր և բաժանում ժողովրդին: Ուռենու ոստերը, որոնք անպտուղ են, խորհրդանշում են հեթանոսներին, ովքեր պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայվելուց հետո: Ոստերի փափկությունը խորհրդանշում է Քրիստոսի հետևողների խոնարհությունը: Ուռենու ճյուղերը մեր ընծաներն են Տիրոջը, ինչպես Սուրբ Ծննդյան օրն Արևելքից մոգերի բերած ընծաները:


Ազգագրագետ Արմենուհի Ստեփանյանը Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով տոնի ազգային նշանակությանը, նշեց, որ Ծաղկազարդն անվանում են նաև Ծառզարդար: Նա նշեց, որ այս տոնը ձմռան նկատմամբ հաղթանակի օրն է և հաստատում է գարունը:

«Նախկինում նորապսակ երիտասարդները, նշանված տղաները նախատոնակին արմատախիլ էին անում նոր բողբոջած ուռենիները և ոչ թե ծաղկող ծառերը, բերում էին եկեղեցի և զարդարում էին այն ամբողջությամբ: Իսկ անչափահաս տղաները փայտից ինքնաշեն խաղալիքներ էին պատրաստում, որոնք պտտելիս ճռճռոց էին առաջացնում: Այդ ճռճռան տոնի պարտադիր մասն էր»,-ասաց նա։


Ազգագրագետը նշեց, որ դա բացատրվում էր նրանով, որ ցանկացած տոնի ժամանակ աղմուկ հանող առարկաները` ընդհուպ մինչև եկեղեցու զանգերը, ունեին չար ուժերին վանելու նշանակություն: Նա պատմեց, որ այնուհետև եկեղեցի եկողները վառում էին մոմեր և փակցնում այդ ուռենու ծառերի ճյուղերին, և սկսվում էր ուռենու օրհնության ծեսը:


Արմենուհի Ստեփանյանի խոսքով,  քանի որ ամբողջ պահքի ընթացքում նշանադրություններ, ամուսնություններ տեղի չէի ունենում, այս օրը միակն էր, որ նշանախոսություններ էին տեղի ունենում:


«Նշանվող աղջկան եկեղեցու բակում մոտենում էր սկեսուրը կամ տղայի բարեկամներից որևէ կին և նրան հետաքրքիր ձևով նշանի մատանին էր տալիս: Մոմից պատրաստում էին ծառի տեսքով առարկա, և մատանին փակցնում էին ճյուղերից մեկին ու մատուցում էին աղջկան, նրա գլխին գլխաշոր էին գցում, ու աղջիկը համարվում էր նշանված»,-ասաց նա և նշեց, որ այս օրը բացի մանուկների օրհնության օրը լինելուց,այն ամուսնության տարիքին մոտեցող երիտասարդներին էլ է վերաբերում:
 

Ազգագրագետն ասաց, որ Տավուշի հեռավոր գյուղերում, Արցախում տոնի հետ կապված որոշ ավանդույթներ են պահպանվում: Նա նկատեց, որ հիմա ուռենու ճյուղերը եկեղեցու բակից դուրս վաճառվում են, ինչն ավանդական կարգի խիստ խախտում է համարվում, որովհետև այն չի կարելի վաճառել, այլ պետք է բաժանել:

 

Նա նշեց, որ նախկինում պարտադիր չէր, որ ուռենու ճյուղերը լինեին օղակաձև, և այն տանը պահում էին մինչև հաջորդ տարի: «Այն համարվում էր բարեբեր, թեթևակի հպում էին կենդանիներին, որ ավելի կաթնառատ լինեին, հավերին, որ ձվառատ լինեին: Եթե գարնանը հեղեղաբեր անձրևներ էին լինում, այդ ուռենու ճյուղերը դուրս էին գցում»,- ներկայացրեց նա և նշեց, որ այս օրը նորապսակ հարսներն առաջին անգամ թույլատրվում էր գնալ դարձ:
Ազգագրագետի խոսքով` այս օրն ուներ նաև տոնական ուտեստ. խառնուրդ էին պատրաստում տարբեր հատիկեղենից` խաշած ցորենից, սիսեռից, և բաժանում էին միմյանց: Նա պատմեց, որ ադաթ կար, որ նախընթաց գիշերը յոթ աղբյուրից ջուր էին հավաքում և ծաղիկների էին դնում այդ ջրի մեջ, որը թողնում էին ամբողջ գիշեր երկնքի տակ` հավատալով, որ այդ ջուրը կախարդական բուժիչ հատկություն ունի:

Հայ առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդը, որն ազդարարում է Հիսուսի հաղթական մուտքը Երուսաղեմ