Փարիզի ահաբեկչությունների համար կասկածվող Աբդեսլամը Ֆրանսիա կարտահանձնվի 45 օրվա ընթացքում. լրատվամիջոցներ
Բելգիայում ձերբակալված Փարիզի ահաբեկչությունների ենթադրյալ կազմակերպիչ Սալահ Աբդեսլամի արտահանձնման գործընթացը կրում է «փաստացիորեն ավտոմատ բնույթ» և կզբաղեցնի առավելագույնը 45 օր, ներառյալ՝ կասկածյալի կողմից որոշման բողոքարկումը բարձրագույն ատյանում: Այդ մասին հայտնել է RTBF հեռուստառադիոընկերությունը:
Սալահ Աբդեսլամը և ևս չորս կասկածյալ ձերբակալվել են Բրյուսելում մարտի 18-ին տեղի ունեցած մասշտաբային հատուկ գործողության ընթացքում: Որոշվում է Ֆրանսիա նրա արտահանձնման հարցը:
Հեռուստառադիոընկերության տվյալներով՝ Աբդեսլամի արտահանձնման հարցը բելգիական կողմի հետ կքննարկի երկուշաբթի օրը Բրյուսել ժամանող Փարիզի դատախազ Ֆրանսուա Մոլենսը: Ֆրանսիան ավելի վաղ եվրոպական օրդեր է տվել մեղադրյալի ձերբակալության համար:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Բելգիայի արտգործնախարար Դիդյե Ռեյնդերսը հայտարարել է, որ Փարիզում ահաբեկչական հարձակումների համար կասկածվող Սալահ Աբդեսլամը նոր ահաբեկչություններ էր պատրաստում, այժմ արդեն՝ Բելգիայում:
Հիշեցնենք, որ ֆրանսիական քաղաքացիություն ունեցող, Բրյուսելում բնակվող Սալահ Աբդեսլամը ձերբակալվել է ուրբաթ օրը, Բրյուսելի արվարձանում, հատուկ գործողության ընթացքում։ Հաղորդվում է, որ Աբդեսլամը վիրավորվել է իրավապահ մարմինների հետ փոխհրաձգության ժամանակ։










