Աբդեսլամին պահում են 13 զրահապատ դռներով ստորգետնյա խցում. La Derniere Heure

14:26 • 21.03.16

Փարիզի ահաբեկչությունների կազմակերպման գլխավոր կասկածյալ Սալահ Աբդեսլամը գտնվում է Բելգիայի Բրյուգե քաղաքում՝ խիստ հսկողության ռեժիմի բանտի ստորգետնյա խցում, հաղորդում է La Derniere Heure-ը:

 

Լրատվամիջոցի տվյալներով՝ Աբդեսլամի խցին հասնելու համար հսկիչները պետք է անցնեն 13 զրահապատ դռների և երեք ճաղավանդակների միջով, որոնք տարբեր ազդանշանային համակարգեր ունեն: Հաղորդվում է նաև, որ նա ոչ մի կապ չունի արտաքին աշխարհի կամ այլ բանտարկյալների հետ: Աբդեսլամին կարող է այցելել միայն նրա փաստաբանը:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ Սալահ Աբդեսլամին պաշտոնապես ներկայացվել են ահաբեկչությունների կազմակերպման մեղադրանքներ:


Բելգիայի արտգործնախարար Դիդյե Ռեյնդերսը հայտարարել է, որ Փարիզում ահաբեկչական հարձակումների համար կասկածվող Սալահ Աբդեսլամը նոր ահաբեկչություններ էր պատրաստում, այժմ արդեն՝ Բելգիայում:


Ֆրանսիական քաղաքացիություն ունեցող, Բրյուսելում բնակվող Սալահ Աբդեսլամը ձերբակալվել է ուրբաթ օրը, Բրյուսելի արվարձանում, հատուկ գործողության ընթացքում։ Հաղորդվում է, որ Աբդեսլամը վիրավորվել է իրավապահ մարմինների հետ փոխհրաձգության ժամանակ։


Հիշեցնենք, որ 2015 թվականի նոյեմբերի 13-ին Փարիզում իսլամիստ գրոհայիններն ահաբեկչական հարձակումների շարք են իրականացրել, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 130 մարդ։