Իրաքում գտել են ԻՊ-ի առաջնորդներից մեկի դին. լրատվամիջոցներ
Իրաքի զինվորականները հայտարարել են, որ Էր-Ռամադի քաղաքից արևելք ընկած հատվածում հայտնաբերվել է Թարհան Բատիրաշվիլիի դին, որն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հրամանատարներից է և առավել հայտնի է որպես Աբու Օմար աշ-Շիշանի, տեղեկացնում է gazeta.ru-ն՝ Alsumaria հեռուստաալիքին հղումով։
Անբար նահանգում գործողությունը ղեկավարող Իսմայիլ ալ-Մախլաուին ասել է, որ բանակի ուժերն ԻՊ-ի 10 զինյալների դիեր են հայտնաբերել Էր-Ռամադիից արևելք գտնվող Ալբու Օբեյդ շրջանում։ Նրա խոսքով՝ նրանց թվում է նաև աշ-Շիշանին։
Ավելի վաղ Պենտագոնը հաստատել էր, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդներից Աբու Օմար աշ-Շիշանին սպանվել է Սիրիայի հյուսիս-արևելքում ավիահարվածի հետևանքով։










