Թուրքիայում Բելգիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ
Անկարայում Բելգիայի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ՝ պայմանավորված Բրյուսելում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության կազմակերպած ակցիայով, որի գործունեությունն արգելված է Թուրքիայում: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանն ասել է Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչը։
«Թուրքիայում Բելգիայի դեսպան Մարկ Տրենտեսաուն կանչվել է մեր նախարարություն: Նրան բողոքի նոտա է հանձնվել՝ պայմանավորված Բրյուսելում PKK-ի բողոքի ակցիայի հետ, որի ընթացքում ահաբեկչական համարվող խմբավորման վրանն է տեղադրվել, ներկայացվել են նրանց դրոշները, պաստառներ և այլ խորհրդանիշեր։ Բացի այդ, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել բելգիացի գործընկերոջ հետ, որի ընթացքում այդ ակցիան անընդունելի է համարել»,- հայտնում է Թուրքիայի ԱԳՆ կայքը:
Հեռախոսազրույցի ընթացքում Չավուշօղլուն ընդգծել է, որ տեղի ունեցածը ոչ մի առնչություն չունի խոսքի ազատության իրավունքի հետ, և հավելել է, որ նա Բելգիայից ակնկալում է քայլեր՝ ահաբեկչական այդ կազմակերպության գործունեությունը կասեցնելու համար:










