Փարիզի ահաբեկչական հարձակումների համար կասկածվող Աբդեսլամը նոր ահաբեկչություններ էր պատրաստում. Բելգիայի ԱԳՆ

11:28 • 21.03.16

Բելգիայի արտգործնախարար Դիդյե Ռեյնդերսը հայտարարել է, որ Փարիզում ահաբեկչական հարձակումների համար կասկածվող Սալահ Աբդեսլամը նոր ահաբեկչություններ էր պատրաստում, այժմ արդեն՝ Բելգիայում: Այդ մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

 

Նա վերապատմել է Աբդեսլամի խոսքերը, որ նա «պատրաստ էր ամեն ինչ նորից սկսել, այս անգամ՝ Բրյուսելից»։

 

Ռեյնդերսը նաև ասել է, որ իշխանություններն այդ խոսքերը լուրջ են ընդունել, քանի որ «մեծ քանակությամբ զենք ու պայթուցիկ է հայտնաբերվել առաջին խուզարկությունների ժամանակ, ինչպես նաև հայտնաբերվել է համախոհների մեծ ցանց»։

 

Այժմ Աբդեսլամը, ում կասկածում են Փարիզում անցած տարվա նոյեմբերի 13-ին իրականացված ահաբեկչական հարձակումների կազմակերպման և մասնակցության համար, գտնվում է Բրյուգեից հյուսիս-արևմուտք գտնվող խիստ ռեժիմի բանտում:

 

Ֆրանսիացի դատախազ Ֆրանսուա Մոլինի կարծիքով՝ Աբդեսլամը կարևոր դեր է խաղացել Փարիզում հարձակումների կազմակերպման գործում։ Հիշեցնենք, որ ահաբեկչական հարձակումների շարքի հետևանքով զոհվել է ավելի քան 130 մարդ։

 

Ֆրանսիական քաղաքացիություն ունեցող, Բրյուսելում բնակվող Սալահ Աբդեսլամը ձերբակալվել է ուրբաթ օրը, Բրյուսելի արվարձանում, հատուկ գործողության ընթացքում։

 

Փարիզի ահաբեկչական հարձակումների համար կասկածվող Աբդեսլամը նոր ահաբեկչություններ էր պատրաստում. Բելգիայի ԱԳՆ