Լոնդոնի ոստիկանությանը նախազգուշացրել են հնարավոր ահաբեկչությունների մասին. The Sunday Times
Լոնդոնի ոստիկանությունը հրահանգ է ստացել պատրաստ լինել ահաբեկչությունների շարքի, գրում է The Sunday Times-ը։
Լրատվամիջոցներին տեղի իշխանությունների կողմից տրամադրված տեղեկությունների համաձայն՝ ուժայիններին հրահանգվել է պատրաստվել 10 իրար հաջորդող ահաբեկչական հարձակումների, քանի որ մտավախություններ կան, որ ահաբեկիչները կարող են Փարիզի ահաբեկչությունների նման ահաբեկչությունների շարք կազմակերպել:
Բացի այդ, հաղորդվում է, որ Օքսֆորդշիր կոմսությունում ստեղծվում է ուժայինների հատուկ խումբ՝ հնարավոր քիմիական և կենսաբանական վտանգի վերացման համար:
«Մենք գիտենք՝ ինչպես գործել երեք միաժամանակյա հարձակումների դեպքում, սակայն Փարիզի դեպքերը (2015-ի նոյեմբերի 13-ին, ինչի հետևանքով զոհվեց ավելի քան 130 մարդ- Խմբ.) ցույց են տվել, որ անհրաժեշտ է պատրաստվել հարձակումների է՛լ ավելի մեծ թվի: Մենք պատրաստ կլինենք, եթե մեկը փորձի իրականացնել յոթ, ութ, ինը, տասը հարձակում»,- ասել է կառավարության ներկայացուցիչը:
Ավելի վաղ Եվրամիության ոստիկանական ծառայության ղեկավարը նախազգուշացրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից Եվրոպայում խոշոր ահաբեկչությունների նախապատրաստման հնարավորության մասին:










