Օբաման ընտանիքի հետ հորդառատ անձրևի տակ զբոսնել է Հին Հավանայում

10:20 • 21.03.16

Հորդառատ անձրևը չի խոչընդոտել, որպեսզի ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման զբոսնի Հին Հավանայում՝ Կուբայի մայրաքաղաքի պատմական կենտրոնում, որը համարվում է մայրաքաղաքի ամենագեղեցիկ հատվածներից մեկը:

 

Հին Հավանայի փողոցներով ամերիկացի նախագահը զբոսնել է կնոջ և դուստրերի հետ: Նրանք նախ այցելել են Փլասա դե-Արմաս՝ քաղաքի ամենահին հրապարակը:

 

Նախագահական ընտանիքին Հավանան ցույց է տվել քաղաքի առաջատար պատմաբան Էուսեբիո Լեալը. հենց նրա ջանքերի ու էնտուզիազմի շնորհիվ է վերականգնվել Կուբայի մայրաքաղաքի պատմական մասը, հաղորդում է korrespondent.net-ը։

 

Օբաման հատկապես ուշադրություն է դարձրել Աբրահամ Լինքոլնի նկարին՝ հրապարակի մոտ գտնվող թանգարաններից մեկում:

 

Հին Հավանա տանող փողոցները փակվել են, այնտեղ արգելված է եղել կայանել մեքենաները, իսկ ողջ շրջանը շրջափակված է եղել:

 

Զբոսանքից հետո նախագահական ընտանիքը մեկնել է Հավանայի տաճար, որտեղ տեղի է ունեցել ԱՄՆ առաջնորդի հանդիպումը Կուբայի արքեպիսկոպոս Խայմա Օրտեգայի հետ:

 

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կուբա է ժամանել մարտի 20-ի երեկոյան: Ակնկալվում է, որ մարտի 21-22-ին նա բանակցություններ կունենա Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոյի հետ, կհանդիպի կուբացի գործարարների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, ելույթ կունենա տեղի հեռուստատեսության ուղիղ եթերում։
 

Օբաման ընտանիքի հետ հորդառատ անձրևի տակ զբոսնել է Հին Հավանայում