ԵԱՀԿ նախագահության հատուկ ներկայացուցիչ Էրլերը և ՄԽ համանախագահները վերահաստատել են ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանն իրենց հանձնառությունը

16:18 • 21.03.16

2016 թվականին ԵԱՀԿ նախագահության համար Գերմանիայի դաշնային կառավարության հատուկ ներկայացուցիչ Գերնոտ Էրլերը և Մինսկի խմբի համանախագահները (Ռուսաստանի Դաշնությունից դեսպան Իգոր Պոպով, ԱՄՆ-ից դեսպան Ջեյմս Ուորլիք, Ֆրանսիայից՝ Պիեռ Անդրյո) այսօր վերահաստատել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ բանակցությունների ճանապարհով կարգավորմանն իրենց հանձնառությունը: Այդ մասին տեղեկանում ենք կառույցի կայքից։

 

«Խաղաղության գործընթացում առաջընթացի հասնելու համար հրամայական է, որ բոլոր կողմերը միջոցներ ձեռնարկեն մասնավորապես շփման գծի և հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ապրող քաղաքացիական բնակչության վրա ազդող բռնությունից խուսափելու համար։ Այդ առնչությամբ մենք աջակցում ենք գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկի հայտարարությանը, ով կոչ էր արել կողմերին խստորեն հարգել հրադադարը Նովրուզ Բայրամի և Զատկի տոների ժամանակ: Մենք կոչ ենք անում կողմերին պայմաններ ստեղծել տարածաշրջանի մարդկանց համար տոնելու այս տոները խաղաղության պայմաններում»,- ասված է հայտարարության մեջ:

 

Ինչպես նշվում է՝ համանախագահները՝ ԵԱՀԿ գերմանական նախագահության աջակցությամբ, կշարունակեն աշխատել կողմերի հետ՝ կարգավորման բաղադրիչների, բռնության վտանգը նվազեցնելու համար ձեռնարկվող քայլերի և մարդկանց միջև շփումներին նպաստող ծրագրերի ուղղությամբ։

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ մարտի 18-ին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ է արել խստորեն հետևել հրադադարի ռեժիմին՝ խուսափելով Զատկի ու Նովրուզի նախաշեմին այնպիսի գործողություններից, որոնք կնպաստեն լարվածության աճին։