Ռուսական դատարանն ուկրաինացի օդաչու Սավչենկոյին մեղավոր է ճանաչել ռուս լրագրողների սպանության գործով

12:45 • 21.03.16

ՌԴ Դոնեցկի քաղաքային դատարանը (Ռոստովի շրջան) ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյին մեղավոր է ճանաչել ռուս լրագրողների սպանության համար։ Այդ մասին ասված է դատավճռում, որի հրապարակումը սկսվել է երկուշաբթի օրը՝ մարտի 21-ին, հաղորդում է РИА Новости-ն:

 

Հաստատվել է մեղադրյալի մեղքն այն փաստի առնչությամբ, որ նա 2014 թվականի հունիսի 17-ին Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողներին է փոխանցել խաղաղ քաղաքացիների կոորդինատները, որոնց ուղղությամբ իրականացվել են հրետանային հարվածներ: Դրանց հետևանքով զոհվել են Համառուսաստանյան պետական հեռուստառադիոհեռարձակման ընկերության՝ ВГТРК-ի աշխատակիցներ Իգոր Կորնելյուկը և Անտոն Վոլոշինը:

 

Դատարանը Սավչենկոյին նաև մեղավոր է ճանաչել ՌԴ-ի սահմանն ապօրինաբար հատելու համար։

 

«Սավչենկոն իրականացրել է սպանությունը մի խումբ մարդկանց նախնական պայմանավորվածությամբ՝ ատելության և թշնամության շարժառիթներով»,- հայտարարել է դատավորը:

 

Հիշեցնենք, որ ուկրաինացի զինծառայող Սավչենկոն հացադուլ էր հայտարարել մարտի 3-ին: Ռուս քննիչները նրան մեղադրում են 2014 թվականին Ուկրաինայի Լուգանսկի շրջանում ռուս լրագրողների մահվանը ներգրավվածության համար։ Ինքը՝ Սավչենկոն, հերքում է իր մեղքը: Նրա պաշտպանությունը պնդում է, որ զինծառայողը պատանդ է ընկել ավելի վաղ, քան մահացել են ռուս լրագրողները: Բացի այդ՝ Սավչենկոն հայտարարում է, որ իրեն Ռուսաստանի տարածք են տարել բռնի կերպով: Ուկրաինական հասարակությունում ճնշող մեծամասնությունն օդաչուին ազգային հերոս է համարում:

Ռուսական դատարանն ուկրաինացի օդաչու Սավչենկոյին մեղավոր է ճանաչել ռուս լրագրողների սպանության գործով