Բելգիական ոստիկանությունը 2 մարդու է ձերբակալել Բրյուսելի ահաբեկչությունների ֆոնին
Բելգիայի ոստիկանությունը երկու մարդու է ձերբակալել և արդեն ուսումնասիրում է Բրյուսելի օդանավակայանում պայթյուններ կազմակերպած անձանցից մեկի կադրերը տեսահսկման համակարգից, հաղորդում է The Daily Mail-ը:
Իրավապահները փորձում են գտնել հարձակումների հետևում կանգնած հնարավոր կասկածյալներին, և արդեն առնվազն երկու մարդ է ձերբակալվել Բրյուսելում՝ քաղաքի Հյուսիսային երկաթգծի կայարանի մոտակայքում:
Օդանավակայանի ողջ հատվածում տեղադրված է տեսահսկման համակարգ, այդ թվում նաև ժամանումների սրահում, որտեղ, հաղորդումների համաձայն, տեղի է ունեցել պայթյունը, գրում է լրատվամիջոցը:
Ուսումնասիրվում են նաև մետրոյի Մալբեկ կայարանից ստացված կադրերը, որտեղ պայթյունի հետևանքով 15 մարդ է զոհվել:
Բելգիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ իրենց կարծիքով՝ ահաբեկչական հարձակումներում ներառված ահաբեկիչների մի մասը «դեռ ազատության մեջ է»։










