Կաստրոն Օբամայից պահանջել է Գուանտանամո ծովածոցի վերադարձը. The Guardian (տեսանյութ)

10:11 • 22.03.16

Կուբայի պետխորհրդի և նախարարների խորհրդի նախագահ Ռաուլ Կաստրոն իր ամերիկացի գործընկեր Բարաք Օբամայի հետ պատմական հանդիպման ընթացքում պահանջել է վերադարձնել Գուանտանամո ծովածոցը, ինչպես նաև վերջ տալ Վաշինգտոնի կողմից Հավանայի նկատմամբ սահմանված առևտրային էմբարգոյին:


«Մեր երկրների միջև կան լուրջ տարաձայնություններ ու խնդիրներ, որոնք հնարավոր չէ լուծել մի այցով»,- մեջբերում է The Guardian-ը Կաստրոյի  խոսքերը:


Սրան ի պատասխան Օբաման համաձայնել է, որ Վաշինգտոնի ու Հավանայի միջև տարաձայնությունները շատ են և որ 50 տարվա խզված դիվանագիտական կապերն «իրենց գործն» արել են։


«Բայց եկեք չմոռանանք, որ այսօր մենք կարող ենք ընդհանուր լեզու չգտնել որևէ հարցի շուրջ, սակայն վաղը կարող ենք լիարժեք համաձայնության գալ»,- հավելել է Օբաման: 

 

Նշենք, որ 1898թ. ի վեր Գուանտանամո ծովածոցում է տեղակայված ամերիկյան ռազմածովային բազան, որի իրավական կարգավիճակը երաշխավորված է 1903թ. Կուբայի ու ԱՄՆ-ի միջև ստորագրված պայմանագրով: Ըստ այդ պայմանագրի՝ Կուբայի Գուանտանամո շրջանն անժամկետ վարձակալության հիմքերով տրվում է Միացյալ Նահանգներին:


Սակայն Կուբայի իշխանությունները պնդում են, որ ամերիկյան բազայի տեղակայումն անօրինական է, քանի որ տվյալ փաստաթուղթը չստորագրելու դեպքում ԱՄՆ-ն սպառնացել է ռազմական ուժ կիրառել Հավանայի դեմ:

Կաստրոն Օբամայից պահանջել է Գուանտանամո ծովածոցի վերադարձը. The Guardian (տեսանյութ)