ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը Կոնգրեսին է ներկայացրել Հայաստանին ու Արցախին տրամադրվելիք օգնության ծրագիրը
ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի օրենսդրական հարցերով տնօրեն Րաֆֆի Քարաքաշյանն ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատին և Սենատին է ներկայացրել ամերիկահայ համայնքի՝ 2017 ֆինանսական տարվա համար հատուկ հատկացումների առաջարկները։
Քարաքաշյանի ներկայացրած առաջնահերթ խնդիրներից են.
1. Արցախին, ներառյալ՝ Ստեփանակերտում բարոնուհի Քերոլայն Քոքսի վերականգնողական կենտրոնին հատկացվող օգնության ավելացումը։
2. Բաքվին հատկացվող ռազմական օգնության ամբողջական դադարեցում՝ մինչև Ադրբեջանը չհամաձայնի հետ քաշել իր դիպուկահարներին ու ծանր զինտեխնիկան, ինչպես նաև չդադարի սահմանից հարձակումները, պատերազմի վերսկսման սպառնալիքները և չհամաձայնի Ղարաբաղյան հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով։
3. 10 միլիոն դոլար տրամադրել Հայաստանին օգնության համար՝ Սիրիայից ժամանած փախստականներին աջակցություն տրամադրելու նպատակով։
Հաղորդվում է, որ միևնույն ժամանակ ԱՄՆ-ի տարբեր մասերում գտնվող Հայաստանի բարեկամներն էլեկտրոնային փոստով կապ են հաստատել իրենց ներկայացուցիչների հետ և կոչ արել նրանց միանալ Կոնգրեսում հայկական հարցերով խմբի համանախագահներ Ռոբերտ Դոլդի և Ֆրենկ Փալոունի նամակին, որը Հայաստանի հետ կապված օտարերկրյա օգնության համանման դրույթներ է պարունակում: Ակնկալվում է, որ այդ նամակն ուղարկվելու է այս շաբաթ։










