Ճգնաժամային կենտրոնը խորհուրդ է տվել Բրյուսելի բնակիչներին մնալ իրենց տեղերում և խուսափել հեռախոսազանգերից

13:57 • 22.03.16

Բրյուսելում ահաբեկիչների հարձակումների առնչությամբ ստեղծված ճգնաժամային կենտրոնը խորհուրդ է տալիս քաղաքում գտնվող բոլոր մարդկանց պահպանել հանգստություն և մնալ այնտեղ, որտեղ այս պահին գտնվում են: Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

 

Նման առաջարկով է իր աշխատակիցներին դիմել նաև Եվրահանձնաժողովը, որը խնդրել է աշխատավայրում գտնվող իր աշխատակիցներին փակվել գրասենյակներում, իսկ նրանց, ովքեր դեռ չեն եկել աշխատանքի՝ մնալ տանը:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ Բրյուսելում ահաբեկչություններից հետո չեն աշխատում օդանավակայանը, մետրոն, կենտրոնական կայարանը, ողջ հանրային տրանսպորտը, ներառյալ՝ տաքսին:

 

Բրյուսելի բնակիչներին խնդրել են նաև խուսափել հեռախոսազանգեր կատարելուց:

 

«Բրյուսելի բջջային ցանցերը գերծանրաբեռնվում են: Խնդրում ենք, կապ պահպանել մեսենջերների միջոցով՝ Facebook, WhatsApp, Twitter: Խուսափե՛ք զանգերից»,- Twitter-ում գրել է Բելգիայի վարչապետի տեղակալ Ալեքսանդր Դե Կրուն:

 

Belga գործակալությունը հայտնել է նաև, որ տարհանվել են Բելգիայի խորհրդարանի շենքում գտնվող բոլոր մարդիկ։

Ճգնաժամային կենտրոնը խորհուրդ է տվել Բրյուսելի բնակիչներին մնալ իրենց տեղերում և խուսափել հեռախոսազանգերից