Ռուսական դատարանն ուկրաինացի զինծառայող Նադեժդա Սավչենկոյին դատապարտել է 22 տարվա ազատազրկման
ՌԴ Դոնեցկի քաղաքային դատարանը (Ռոստովի շրջան) ուկրաինացի զինծառայող Նադեժդա Սավչենկոյին դատապարտել է 22 տարվա ազատազրկման և 30.000 ռուբլու չափով տուգանքի։
Պետական մեղադրողը պահանջել է Սավչենկոյին դատապարտել 23 տարվա ազատազրկման և 100.000 ռուբլու չափով տուգանքի, հայտնում է meduza.io-ն։
Ուկրաինացի զինծառայողն իր մեղքը հերքում է։ Նա հայտարարել է, որ չի ընդունում դատավճիռը և մտադիր չէ բողոքարկել այն։
Երեկ հաղորդվել էր, որ ՌԴ Դոնեցկի քաղաքային դատարանն ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյին մեղավոր է ճանաչել ռուս լրագրողների սպանության համար։
Հաստատվել է մեղադրյալի մեղքն այն փաստի առնչությամբ, որ նա 2014 թվականի հունիսի 17-ին Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողներին է փոխանցել խաղաղ քաղաքացիների կոորդինատները, որոնց ուղղությամբ իրականացվել են հրետանային հարվածներ: Դրանց հետևանքով զոհվել են Համառուսաստանյան պետական հեռուստառադիոհեռարձակման ընկերության՝ ВГТРК-ի աշխատակիցներ Իգոր Կորնելյուկը և Անտոն Վոլոշինը:
Դատարանը Սավչենկոյին նաև մեղավոր է ճանաչել ՌԴ-ի սահմանն ապօրինաբար հատելու համար։
«Սավչենկոն իրականացրել է սպանությունը մի խումբ մարդկանց նախնական պայմանավորվածությամբ՝ ատելության և թշնամության շարժառիթներով»,- հայտարարել է դատավորը:
Հիշեցնենք, որ ուկրաինացի զինծառայող Սավչենկոն հացադուլ էր հայտարարել մարտի 3-ին: Ռուս քննիչները նրան մեղադրում են 2014 թվականին Ուկրաինայի Լուգանսկի շրջանում ռուս լրագրողների մահվանը ներգրավվածության համար։ Ինքը՝ Սավչենկոն, հերքում է իր մեղքը: Նրա պաշտպանությունը պնդում է, որ զինծառայողը պատանդ է ընկել ավելի վաղ, քան մահացել են ռուս լրագրողները: Բացի այդ՝ Սավչենկոն հայտարարում է, որ իրեն Ռուսաստանի տարածք են տարել բռնի կերպով: Ուկրաինական հասարակությունում ճնշող մեծամասնությունն օդաչուին ազգային հերոս է համարում:










