Տաքսիստներն անվճար տանում են ուղևորներին Բրյուսելի օդանավակայանից

16:26 • 22.03.16

Բրյուսելի տաքսիստներն անվճար տանում են ուղևորներին մայրաքաղաքի օդանավակայանից, որտեղ երեքշաբթի առավոտյան երկու պայթյուն է տեղի ունեցել, հայտնում է RTBF հեռուստառադիոընկերությունը:

 

BBC-ի հաղորդմամբ՝ Բելգիայում սոցիալական ցանցերում տարածվել է «ikwilhelpen» («Ես ցանկանում եմ օգնել») հեշթեգը: Twitter-ի օգտատերերը Բելգիայում կոչ են անում մյուսներին օգտագործել այդ հեշթեգը, եթե նրանք տեղ ունեն իրենց մեքենաներում կամ կարիք ունեն տուն հասնել մեքենայով:

 

Հիշեցնենք, որ Բրյուսելի միջազգային օդանավակայանում երեքշաբթի տեղի ժամանակով ժամը 08:00-ին երկու պայթյուն է տեղի ունեցել: Երկրի իշխանությունները կարծում են, որ պայթուցիկներից մեկը կարող էր գործի դնել մահապարտ ահաբեկիչը: Երրորդ պայթյունը տեղի է ունեցել մետրոյի Մալբեկ կայարանում՝ վագոններից մեկում։

Հաղորդվել է նաև մետրոյի ևս երկու կայարաններում տեղի ունեցած պայթյունների մասին: Հարձակումների հետևանքով զոհվել է 26 մարդ, կա ավելի քան 130 վիրավոր:

Բելգիայի առողջապահության նախարար Մեգի դե Բլոկը հաստատել է, որ 11 մարդ է զոհվել և 81 հոգի վիրավորվել Բրյուսելի միջազգային օդանավակայանում տեղի ունեցած պայթյունների հետևանքով: Բրյուսելի մետրոյի La Stib օպերատոր ընկերությունը հայտնել է, որ մետրոյի Մալբեկ կայարանում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 15 մարդ, վիրավորվել՝ 55-ը: Նրանցից 10 հոգին գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:

Տաքսիստներն անվճար տանում են ուղևորներին Բրյուսելի օդանավակայանից