Ոստիկանությունը վերահսկելի պայթյուն է իրականացրել Բրյուսելի կենտրոնում գտնվող բուհի տարածքում. բոլորին հրահանգվել է մնալ շենքի ներսում

17:27 • 22.03.16

Բելգիական ոստիկանությունը վերահսկելի պայթյուն է իրականացրել Բրյուսելի ազատ համալսարանի տարածքում, որը գտնվում է մայրաքաղաքի կենտրոնում, հաղորդում է The Guardian-ը:

 

«Ձայնը, որ նոր լսեցիք, սակրավորների կողմից նախաձեռնված վերահսկելի պայթյուն էր»,- գրել է համալսարանի ղեկավարությունը Twitter-ի իր էջում:

 

Ավելի վաղ Բրյուսելի համալսարանը՝ VUB-ը, կոչ է արել բոլոր ուսանողներին և անձնակազմին «մնալ շենքի ներսում» և հայտնել է, որ «վտանգ է սպառնում»:

 

«Անվտանգության խորհուրդը կոչ է անում Էտերբեկի տարածքում գտնվողներին անմիջապես ներս մտնել և մնալ այնտեղ»,- ասված է հայտարարությունում:

 

Համալսարանի ներսում գտնվող Twitter-ի օգտատերերից մեկը հայտնել է սոցիալական ցանցում, որ ոստիկանությունը կարգադրել է իրեն ներսում մնալ՝ համալսարանի տարածքի մոտակայքում ռումբի սպառնալիքի պատճառով։

 

Հիշեցնենք, որ Բրյուսելի միջազգային օդանավակայանում երեքշաբթի տեղի ժամանակով ժամը 08:00-ին երկու պայթյուն է տեղի ունեցել: Երկրի իշխանությունները կարծում են, որ պայթուցիկներից մեկը կարող էր գործի դնել մահապարտ ահաբեկիչը: Երրորդ պայթյունը տեղի է ունեցել մետրոյի Մալբեկ կայարանում՝ վագոններից մեկում։

Հաղորդվել է նաև մետրոյի ևս երկու կայարաններում տեղի ունեցած պայթյունների մասին: Հարձակումների հետևանքով զոհվել է 34 մարդ, կա ավելի քան 150 վիրավոր:

Ոստիկանությունը վերահսկելի պայթյուն է իրականացրել Բրյուսելի կենտրոնում գտնվող բուհի տարածքում. բոլորին հրահանգվել է մնալ շենքի ներսում