Բրյուսելի օդանավակայանը շարունակում է փակ մնալ

14:29 • 23.03.16

Բրյուսելի օդանավակայանը շարունակում է փակ մնալ մարտի 22-ին իրականացված ահաբեկչություններից հետո, հաղորդում է CNN-ը:


Օդանավակայանի ղեկավարությունը չորեքշաբթի առավոտյան Twitter-ի էջում հայտնել է, որ նրանք կգնահատեն տերմինալին հասցված վնասը և օրվա ընթացքում որոշում կկայացնեն այն մասին, թե երբ կվերսկսվի օդանավակայանի աշխատանքը:

 

Բրյուսելի ուղղությամբ բոլոր չվերթները չեղյալ են հայտարարված: Ուղևորներին խնդրում են կապվել ավիաընկերությունների հետ՝ հետագա հրահանգների համար:

 

Հաղորդվում է նաև, որ Բրյուսելի քաղաքային տրանսպորտը վերսկսել է աշխատանքը։

 

Տարբեր երկրների իշխանություններ նախազգուշացրել են իրենց քաղաքացիներին զգոն լինել Բելգիա այցելության ընթացքում:

 

Ավելի վաղ Բելգիայում Հայաստանի դեսպանատան ֆեյսբուքյան էջում հաղորդվել է, որ Բրյուսելի օդանավակայանը փակ կմնա մինչև չորեքշաբթի` մարտի 23-ը: 

 

Հիշեցնենք, որ Բրյուսելի միջազգային օդանավակայանում երկու պայթյուն է տեղի ունեցել, ևս մի պայթյուն է տեղի ունեցել մետրոյի «Մալբեկ» կայարանում՝ վագոնում։ Ահաբեկչությունների հետևանքով, ճգնաժամային կենտրոնի տվյալներով, մահացել է 31 մարդ, ևս 250-ը ստացել են վնասվածքներ: Հարձակումների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

Բրյուսելի օդանավակայանը շարունակում է փակ մնալ