Ձերբակալվել է Բրյուսելում ահաբեկչությունների հետ կապ ունեցող կասկածյալը (լուսանկարներ)
Բելգիայում ձերբակալվել է Բրյուսելում մարտի 22-ին իրականացված ահաբեկչությունների հետ կապ ունեցող երրորդ կասկածյալ Նաջիմ Լաաշրաուին, տեղեկացնում է Reuters գործակալությունը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ոստիկանության կողմից որոնվող երրորդ կասկածյալը Ֆրանսիայի ահաբեկչությունների կազմակերպիչ Սալեհ Աբդեսլամի համախոհն է։
Մարտի 21-ին բելգիական ոստիկանությունը պարզել էր Աբդեսլամի համախոհի ինքնությունը։
Համաձայն նախնական ԴՆԹ անալիզի՝ Լաաշրաուիի հետքերը հայտնաբերվել էին մահապարտներից մեկի գոտու վրա, որոնք հայտնաբերվել էին Փարիզի ահաբեկչությունների ժամանակ։ Ոստիկանությունը նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարել։
Նախօրեին Բրյուսելում պայթյուններ էին որոտացել։ Ճգնաժամային կենտրոնը ճշգրտել է զոհերի թիվն ու հայտարարել, որ մայրաքաղաքում պայթյունների հետևանքով զոհվել է 31 մարդ, ևս 250-ը վիրավոր են։



Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ոստիկանությունը պարզել է Բրյուսելի օդանավակայանում իրենց պայթեցրած երկու ահաբեկիչների ինքնությունը: Դրանք եղբայրներ Խալիդ և Իբրահիմ Էլ-Բաքրաուիներն են:












