Բելգիայի և Պորտուգալիայի միջև ֆուտբոլային խաղը չեղյալ է հայտարարվել՝ անվտանգության նկատառումներով
Բելգիայի և Պորտուգալիայի ֆուտբոլի հավաքականների միջև հանդիպումը չեղյալ է հայտարարվել՝ անվտանգության նկատառումներով: Տոմսերը կվերադարձվեն ապրիլին: Այդ մասին հայտարարել է Բելգիայի ֆուտբոլի ասոցիացիան, հայտնում է The Guardian-ը։
Ավելի վաղ Բրյուսելի քաղաքային իշխանությունները խնդրել են Բելգիայի ֆուտբոլի ասոցիացիային չեղյալ հայտարարել սպասվող ընկերական խաղը Պորտուգալիայի հետ:
Խաղը պետք է անցկացվեր Բրյուսելի կենտրոնում գտնվող Թագավոր Բոդուենի անվան մարզադաշտում՝ մարտի 29-ին:
Ֆուտբոլի ասոցիացիան հայտնել էր, որ կխորհրդակցի դաշնային կառավարության, ոստիկանության և անվտանգության ծառայությունների հետ պաշտոնական որոշում կայացնելուց առաջ:
Հիշեցնենք, որ Բրյուսելի միջազգային օդանավակայանում երկու պայթյուն է տեղի ունեցել, ևս մի պայթյուն է տեղի ունեցել մետրոյի «Մալբեկ» կայարանում՝ վագոնում։ Ահաբեկչությունների հետևանքով, ճգնաժամային կենտրոնի տվյալներով, մահացել է 31 մարդ, ևս 250-ը ստացել են վնասվածքներ: Հարձակումների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:










