Բրյուսելցի տաքսիստն օգնել է ոստիկանությանը գտնել չպայթած ռումբերը. La Derniere Heure
Բրյուսելի ոստիկանությանը հաջողվել է պայթուցիկ նյութեր գտնել օդանավակայանում և Սկարբեկ համայնքում գտնվող բնակարանում` շնորհիվ տաքսու վարորդի տված տեղեկության, գրում է La Derniere Heure թերթը։
Աղբյուրը հայտնում է, որ տղամարդը ենթադրյալ ահաբեկիչներին բերել է օդանավակայան:
Լրատվամիջոցներից լսելով հանցագործների մասին` նա անհապաղ կապվել է ոստիկանության հետ և հայտնել, որ իր ուղևորներն իրենց հետ ունեցել են ոչ թե 3 պայուսակ, ինչպես երևում է տեսախցիկներում, այլ ավելի շատ:
Այդ ցուցմունքներն էլ օգնել են իրավապահ մարմիններին գտնել չպայթած ռումբը Բրյուսելի օդանավակայանում:
Բացի այդ, վարորդը հայտնել է այն հասցեն, որտեղից վերցրել է իր հաճախորդներին: Նա նշել է, որ ուղևորները ցանկացել են իրենց հետ ավելի շատ պայուսակներ վերցնել, սակայն մեքենայում տեղ չի եղել:
Նշված հասցեով զննման ընթացքում հայտնաբերվել է պայթուցիկ սարք` լցված մեխերով, ինչպես նաև քիմիական նյութեր և ԻՊ-ի դրոշ։
Մարտի 22-ին Բրյուսելում 3 պայթյուն է հնչել` 2-ը օդանավակայանում և մեկը մետրոյում: Երեկ հաղորդվում էր մետրոյի 3 կայարաններում պայթյունների մասին։ Պայթյունների հետևանքով մահացել է 31 մարդ, ևս 250 մարդ վիրավորվել է։
Պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը։










