Բրյուսելի ոստիկանությունն ահաբեկիչների նամակագրությամբ համակարգիչ է գտել

11:17 • 23.03.16

Բելգիական ոստիկանությունը Բրյուսելի Սկարբեկ համայնքում հայտնաբերել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապված անձանց նամակագրությամբ համակարգիչ: Այդ մասին հայտնում է RTL հեռուստաալիքը:

 

Դեն նետված համակարգիչը հայտնաբերել են Bruxelles-Propreté աղբահանությամբ զբաղվող ընկերության աշխատակիցները:


Նրանց ուշադրությունը գրավել է այն, որ համակարգիչը եղել է պարզապես աղբի տոպրակի մեջ: Բացի այդ, համակարգիչը հին տեսք չի ունեցել: Այն փոխանցել են ոստիկանությանը:

 

Ավելի վաղ La Derniere Heure թերթը գրել է, որ Բրյուսելի ոստիկանությանը հաջողվել է պայթուցիկ նյութեր գտնել օդանավակայանում և Սկարբեկ համայնքում գտնվող բնակարանում` շնորհիվ տաքսու վարորդի տված տեղեկության։ 

 

Հիշեցնենք, որ Բրյուսելի միջազգային օդանավակայանում երկու պայթյուն է տեղի ունեցել, ևս մի պայթյուն է տեղի ունեցել մետրոյի «Մալբեկ» կայարանում՝ վագոնում։ Ահաբեկչությունների հետևանքով, ճգնաժամային կենտրոնի տվյալներով, մահացել է 31 մարդ, ևս 250-ը ստացել են վնասվածքներ: Հարձակումների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

Բրյուսելի ոստիկանությունն ահաբեկիչների նամակագրությամբ համակարգիչ է գտել