Փնտրվում է լուսանկարում պատկերված անձը. «list.am» կայքով ծանոթացել է «iPhone 6» վաճառողի հետ ու խաբեությամբ հափշտակել է հեռախոսը

16:54 • 23.03.16

Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացուց «iPhone 6» մոդելի բջջային հեռախոս գողացած անձի ինքնությունը. տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։


Առերևույթ հանցագործություն կատարած անձը «list.am» կայքում ծանոթացել է քաղաքացու՝ «iPhone 6» տեսակի բջջային հեռախոս վաճառելու վերաբերյալ հայտարարությանը, 2016 թվականի փետրվարի 23-ին հեռախոսով խոսել է վերջինիս հետ և ձեռք բերել հեռախոսը գնելու պայմանավորվածություն: Նախապես պայմանավորված վայրում առերևույթ հանցագործություն կատարած անձը մեկ այլ անձի միջոցով քաղաքացուց վերցրել է հեռախոսը՝ առանց գումարը վճարելու՝  այդպիսով պատճառելով զգալի չափի վնաս:


Դեպքի առթիվ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ի մասի հատկանիշներով:


Նախաքննության ընթացքում ստացվել են նշված վայրում տեղակայված անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, որտեղ երևում է այն երիտասարդը, ով քաղաքացուց վերցրել է հեռախոսը՝ այլ անձի փոխանցելու համար։


Դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ, լրիվ հետազոտումն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ լուսանկարում  պատկերված անձի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։


Ովքեր ճանաչում են նրան կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:

Փնտրվում է լուսանկարում պատկերված անձը. «list.am» կայքով ծանոթացել է «iPhone 6» վաճառողի հետ ու խաբեությամբ հափշտակել է հեռախոսը